Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ամփոփմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազներ և այլք:

Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարաններում ավարտված քրեական գործերին, պետությանը պատճառված վնասի վերականգնմանն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներին:

Ռաֆայել Մանուկյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականին Երևան քաղաքի դատախազների անմիջական հսկողության ներքո քննվել է 3790 քրեական վարույթ, որից 2238-ը նախաձեռնվել է հաշվետու տարում (2024 թվականին՝ 3546 քրեական վարույթ, որից 2113-ը նախաձեռնվել է 2024 թվականին):

2025 թվականին դատախազների հաստատած մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 154 քրեական վարույթ՝ 198 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 124 քրեական վարույթ՝ 128 անձի վերաբերյալ):

Դատարաններում ավարտվել է 97 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 79 քրեական գործ՝ 79 անձի վերաբերյալ):

Երևան քաղաքի դատախազի խոսքով՝ 2025 թվականին պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքները:

Leave a comment