«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանող հայտարարություն է տարածել ավելի վաղ տարածված տեղեկության առնչությամբ, ըստ որի Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ։ Ընկերության հայտարարությունը՝ ստորև.
«Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:
Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից: Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն:
ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:
Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն չի խախտվել:
***
Երևանում և մարզերում մայիսի 1-ից սահմանվելու է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ՝ ըստ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հրապարակած ժամանակացույցի։
Ըստ ընկերության պարզաբանման՝ 17-ժամյա գրաֆիկին անցումը պայմանավորված է ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ջրասպառման ծավալների աճով. ամռան ամիսներին տվյալ ժամանակացույցի անցումը կատարվում է ցերեկային ժամերին քաղաքացիների ջրամատակարարումն ապահովելու համար։
«Սահմանափակումները կվերաբերեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների՝ Կենտրոնի, Արաբկիրի, Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Նորք Մարաշի, Նուբարաշենի, Դավթաշենի, Ավանի, Էրեբունու և Շենգավիթի բազմաթիվ հասցեների»,- նշված է ընկերության 2026 թ.-ի գրաֆիկում։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից տեղեկացրել են, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն (օրական 17 ժամ):
«Տարվա մնացած ժամանակահատվածում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը և սեպտեմբերի 16-ից հունվարի 1-ը, ջրամատակարարումը նախատեսված է շուրջօրյա ռեժիմով»,- հայտնել են ընկերությունից։
The post Ջրամատակարարման ժամանակացույցերի առումով պայմանագրային պարտավորություն չի խախտվել. «Վեոլիա ջուր» appeared first on CIVILNET.