Վտանգներ՝ փխրուն եւ պայմանական խաղաղության ճանապարհին
Վաշինգտոնյան շփումներ՝ «Խաղաղության խորհրդի» ձեւաչափի շրջանակում
ԱՄՆ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությունը ներկայացվեց որպես խորհրդանշական եւ քաղաքականապես ծանրակշիռ իրադարձություն։ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ փաստեց այն մասին, որ Թրամփի վարչակազմն, առհասարակ, փորձում է իրեն ներկայացնել որպես ոչ միայն միջնորդ, այլեւ քաղաքական կարեւորագույն գործընթացների երաշխավոր։
Թրամփի հրապարակային, անգամ էմոցիոնալ բնույթի որակումները Փաշինյանի ու Ալիեւի մասին՝ «բարդ մարդիկ», «30 տարի իրար սպանել են», «հրաշալի տեսարան», մի կողմից ստեղծում էին հաշտեցման մթնոլորտի պատկեր, մյուս կողմից՝ ընդգծում էին, որ գործընթացը կառուցված է ԱՄՆ-ի առաջնորդի խոսքի, ամերիկյան վարչակազմի քարոզչության, հովանավորչության, այսպես ասած՝ քաղաքական գովազդի հիմքի վրա։
Տպավորություն է, թե արագ արդյունքի հասնելու հնարավորություն ստեղծել է, սակայն իրավիճակը խոցելի է՝ կախված ներքաղաքական եւ արտաքին գործոններից։ Հատկանշական է, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից չորսը ներկայացուցիչ չէին գործուղել նշյալ հավաքին, ինչը ցույց է տալիս, որ ձեւաչափը համընդհանուր միջազգային կոնսենսուս չի վայելում։ Նախաձեռնության սկզբնական՝ Գազայի վերականգնման ուղղվածությունը վերաձեւակերպվել է դեպի գլոբալ հակամարտությունների լուծում, ինչը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը փորձում է համադրել տարբեր տարածաշրջանային օրակարգեր մեկ հարթակում։ Այս պայմաններում՝ Հայաստան–Ադրբեջան թեման էլ իր հերթին դարձել է ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։
Փաշինյան–Ալիեւ շփումներ, փակ դիվանագիտություն
Վաշինգտոնում Փաշինյան-Ալիեւ շփումների հրապարակված կադրերը, ինչպես նաեւ Փաշինյանի կարճատեւ զրույցը Թրամփի հետ՝ առանց բովանդակային մանրամասների, ընդգծում են փակ դիվանագիտության գերակայությունը։ Հանրությանը ներկայացվում է գործընթացի տեսանելի, սիմվոլիկ կողմը, սակայն առանց կոնկրետ պայմանավորվածությունների հրապարակման։ Սա մի կողմից թույլ է տալիս բանակցողներին ճկունություն պահպանել, մյուս կողմից՝ ներհասարակական անվստահությունն է շարունակում խորը մնալ։
Երբ կողմերը չեն բացահայտում քննարկված հարցերը, առաջանում է տեղեկատվական վակուում, որը լցվում է ենթադրություններով։ Երկարաժամկետ խաղաղության հաստատումը պահանջում է ինստիտուցիոնալ հստակություն եւ հրապարակայնություն։ Հակառակ դեպքում գործընթացները կարող են ընկալվել որպես պարտադրվող համաձայնություն, այլ ոչ թե իրապես փոխըմբռնման արդյունքում ձեւավորված խաղաղության պայմանագիր։
Սահմանադրության հարցը՝ որպես խաղաղության «միակ նախապայման»
Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ Սահմանադրության հարցում կա «փոխըմբռնում», քաղաքական ուղերձ է, որը նա հնչեցրեց մինչեւ Վաշինգտոն մեկնելը։ Հայկական պաշտոնական դիրքորոշումը մինչ այժմ այսպիսին էր, որ Սահմանադրական փոփոխությունները ներքին օրակարգ են եւ չեն բանակցվում Ադրբեջանի հետ։ Սակայն Ալիեւի պնդումը հակառակ պատկերն է ներկայացնում։ Ստեղծում է դիվանագիտական հստակ անհամաչափությունգ եթե հայկական կողմը չի արձագանքում, ապա միջազգային հանրության աչքում ձեւավորվում է տպավորություն, որ կա լուռ համաձայնություն։ Ալիեւի պահանջը հստակ է՝ Անկախության հռչակագրին հղման հեռացում՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին նախապայման։ Այս մոտեցումը խաղաղության գործընթացը պայմանավորում է Հայաստանի ներքին իրավական փոփոխությամբ՝ դրանով իսկ գործընթացը դարձնելով միակողմանիորեն կախված։ Եթե խաղաղության ստորագրումը ամբողջությամբ կապվում է Սահմանադրության փոփոխության հետ, ապա բանակցային տրամաբանությունը վերածվում է նախապայմանային ճնշման մեխանիզմի։
Մյունխենյան հայտարարություններն ու «Վիքիպեդիայի» հռետորաբանությունը
Մյունխենի համաժողովում Ալիեւի հղումը Վիքիպեդիային եւ Սահմանադրության գերակայությանը իրավականից՝ քաղաքական ժեստ էր։ Նա փորձեց հարցը ներկայացնել որպես պարզ իրավաբանական փաստ՝ նվազեցնելով դրա քաղաքական բարդությունը։ Սակայն Սահմանադրության նախաբանի մեկնաբանությունը միայն իրավական խնդիր չէ, այն կապված է ինքնության, պետականության եւ պատմական հիշողության հետ։ Ալիեւի ձեւակերպումը, թե «հենց դա չլինի, հաջորդ օրը կստորագրվի պայմանագիրը», գործընթացը ներկայացնում է որպես տեխնիկական քայլերի հաջորդականություն։ Սակայն իրականում նույնիսկ նման փոփոխությունից հետո Բաքվից հնչելու են նոր պահանջներ։ Հետեւաբար հարց է ծագում՝ արդյո՞ք սա իսկապես Բաքվի վերջին նախապայմանն է, թե՞ բանակցային դիրքի ամրապնդման փուլային հերթական ու շարունակական մեթոդ։
Նոր Սահմանադրության նախաձեռնություն, ներքաղաքական հաշվարկներ
Հայաստանի կառավարությունը հայտարարել է նոր Սահմանադրության մշակման մասին, իսկ Փաշինյանը հրապարակայնորեն նշել է, որ նոր Մայր օրենքում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։ Սա ներքին քաղաքական գործընթաց է, սակայն այն ընկալվում է արտաքին ճնշման համատեքստում։ Եթե փոփոխությունը ներկայացվի որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ քայլ, ապա այն կարող է հասարակության մի մասի կողմից ընկալվել որպես զիջում ու այդպես էլ ընկալվում է։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները կարող են փորձել դա ներկայացնել որպես պետական կառուցվածքի արդիականացում։ Այս երկակիությունը վտանգավոր է, քանի որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա հանրային լայն աջակցություն։ Առանց դրա ցանկացած փաստաթուղթ կարող է դառնալ ներքաղաքական պայքարի առարկա։
«Խաղաղության խաչմերուկն» ու Ալիեւի հեգնական արձագանքը
Ադրբեջանի նախագահի հեգնական մեկնաբանությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ ցույց է տալիս, որ Բաքուն չի դիտարկում այն որպես հավասարարժեք ռազմավարական նախագիծ։ «Այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ: Գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա սկսեց TRIPP-ը։ Երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը», – վերջերս նկատեց Ալիեւը:
TRIPP-ի հիշատակումը եւ համեմատությունը Բայդենի հնարավոր «վերագործարկման» հետ ի ցույց է դնում Ալիեւի այն վերաբերմունքը, որը նա ունի պաշտոնական Երեւանի նախաձեռնության վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները «Խաղաղության խաչմերուկը» ապաշրջափակման եւ տարածաշրջանային ինտեգրման առանցքային գաղափար են հայտարարել, որը փաստորեն, որեւէ նշանակություն չունի Ալիեւի համար։ Ալիեւի արձագանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձգտում է վերահսկել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացն ամբողջապես։
Երկաթուղային շրջանցման վտանգը եւ մրցունակության հարցը
Կարս-Նախիջեւան 224 կմ երկաթուղու մեկնարկը ստեղծում է նոր աշխարհագրական իրողություն։ Եթե այդ նախագիծը գործարկվի, Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային հիմնական հոսքերից։ Փաշինյանի դիտարկումը, թե ռուսական կառավարման իրավունքի փոփոխությունը կարող է բարձրացնել մրցունակությունը, ենթադրում է, որ խնդիրը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ կառավարման մոդելի մեջ է։ Սակայն մրցունակությունը կախված է ոչ միայն սեփական ենթակառուցվածքից, այլեւ հարեւանների քաղաքական կամքից։ Եթե տարածաշրջանային դերակատարները նախընտրեն շրջանցող ուղիներ, ապա անգամ ներդրումների դեպքում հայկական երկաթուղին կարող է չօգտագործվել։ Այսպիսով՝ եզրակացություն, տնտեսական տրամաբանությունը սերտորեն կապված է քաղաքական վստահության հետ։
Ենթակառուցվածքների «ֆրագմենտային» բացումը կարող է ստեղծել կախվածության անհամաչափ համակարգ։ Եթե բացվեն միայն այն կապուղիները, որոնք ձեռնտու են մյուս կողմին, կամ կողմերին, Հայաստանը կարող է հայտնվել վերահսկվող միջանցքային տրամաբանության մեջ։ Հետեւաբար կարեւոր է, որ բոլոր հաղորդակցությունները բացվեն հավասար սկզբունքներով եւ փոխադարձ վերահսկողությամբ։ Առանց այդ հավասարակշռության տնտեսական ինտեգրացիան կարող է վերածվել քաղաքական լծակի։
TRIPP նախաձեռնությունը եւ տարածաշրջանային հաշվարկները
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը օրերս X-ում անդարադարձել էր TRIPP-ին՝ Սերբիայի հետ կարեւոր միջտարածաշրջանային կապերի ամրապնդման կարեւորության համատեքստում։ Հաջիեւը Ադրբեջանն ու Սերբիան անվանել էր ռազմավարական գործընկերներ, ապա հավելել.
«Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP նախաձեռնությունը նպաստավոր հնարավորություններ է ստեղծում Կասպից ծով-Կենտրոնական Ասիա եւ Բալկանյան տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդման համար»:
Հաջիեւի հայտարարությունները եւ Սերբիայի հետ կապերի շեշտադրումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը TRIPP-ը դիտարկում է որպես լայն աշխարհագրական կամուրջ՝ Կասպից ծովից մինչեւ Բալկաններ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դրական գնահատականը եւ ներդրումների հնարավորության ակնարկը փաստում են, որ նախագիծն ամերիկյան քաղաքական առաջնահերթություն է։ Ակնհայտ է, որ TRIPP-ը գործնականում կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական նոր հարթակ, սակայն, եթե այն կառուցվի հավասար մասնակցության հիման վրա։ Հակառակ դեպքում, այն կարող է նաեւ ամրապնդել ուժային անհամաչափությունը, եթե նախագծի քաղաքական վերահսկողությունը կենտրոնանա մեկ կողմի ձեռքում։
Այսպիսով, Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը ներկայումս գտնվում է բարդ խաչմերուկում, որտեղ համադրվում են ներքին իրավական փոփոխությունները, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը եւ գերտերությունների շահերը։ Ալիեւի նախապայմանային մոտեցումը ցույց է տալիս, որ Բաքուն փորձում է գործընթացը կառուցել փուլային զիջումների վրա։
Փաշինյանի իշխանությունը, իր հերթին, ձգտում է գործընթացը ներկայացնել որպես տնտեսական ինտեգրացիայի հնարավորություն եւ անվտանգության նոր ճարտարապետություն։ Սակայն առանց փոխադարձ վստահության եւ հստակ երաշխիքների խաղաղության պայմանագիրը կարող է մնալ ձեւական փաստաթուղթ։
Արդյո՞ք Ալիեւը իսկապես խաղաղության է ձգտում։ Նրա հայտարարությունները, քայլերը, նախապայմանների կոշտությունը եւ հեգնական հռետորաբանությունը վկայում են, որ նա ձգտում է ոչ թե արդյունքի, այլ՝ Հայաստանին շարունակական կախվածության մեջ պահելու հարցում լծակ ունենալու։ Կարճաժամկետ հեռանկարում, թվում է, թե հնարավոր է պայմանագրի ստորագրում, եթե Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները իրականացվեն։ Սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կայունությունը կախված կլինի նրանից, թե արդյոք տարածաշրջանային հաղորդակցությունները կբացվեն հավասարության սկզբունքով, եւ արդյոք գործընթացը կունենա լայն միջազգային եւ ներհասարակական աջակցություն։ Առանց այդ պայմանների խաղաղությունը կարող է մնալ փխրուն եւ պայմանական։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: