Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխություններով առաջարկվում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, որը թույլատրող փաստաթուղթ է:
Նախարարը հայտնել է, որ օրենքում ներառվել են նոր եզրույթներ, որոնք հնարավոր են դարձնում ավելի ճկուն եւ տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման պարագայում:
Մասնավորապես, սահմանվել են hանքագիտության և հնէաբանության հավաքածուների՝ առարկաների արտահանման լիցենզիա՝ եզրակացություն, մշակութային արժեքների «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ արտահանման եզրակացություն թույլատրող փաստաթուղթ,, hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ արտահանման եզրակացություն՝ թույլատրող փաստաթուղթ հասկացությունները:
Ըստ նախարարի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակում սահմանված մշակութային արժեքների մաքսային գործառնությունների շրջանակն ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տուրքի տեսակները համապատասխանեցնել ԵԱՏՄ կարգերին:
Նախատեսվում է, որ փոփոխությունները կբարձրացնեն վարչարարության արդյունավետությունը, կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող մշակութային արժեքների արտաքին առևտուրը, արտահանումը եւ ներմուծումը:
Նշվել է, որ նախագծով առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կկիրառվեն մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Մասնավորապես նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:
Նախագիծը նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգում: