Համայնքապետարանի պաշտոնյան ՔՊ-ին քվեարկելու դիմաց նյութական օգուտներ է խոստացել 3 անձի

Բաժանորդագրվել

Ընտրակաշառքի, պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող պաշտոնյայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձն ԱԺ ընտրություններում ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց նյութական օգուտներ է խոստացել 3 քաղաքացու։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ գերատեսչության` մի դեպքում տվյալ պաշտոնյան կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ էլեկտրաէներգիայի սպառման ամսական 500կՎտ ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում տրամադրել է անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ կեղծ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու համար։

Նույն անձը նաև երկու քաղաքացիների տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ՝ կրկին լրացուցիչ սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկեր ձևակերպելու համար՝ այդկերպ օժանդակելով պետությունից խարդախության եղանակով հափշտակությանը։

Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի (ընտրակաշառք տալը) 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի (խարդախության հանցակցելը) 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է։

Պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից հորդորում է հայտնել ընտրախախտումների, ընտրական ճնշումների մասին՝ նշելով` եթե նման վարքագիծ է դրսևորում ՔՊ թեկնածուն, ապա հորդորում է քվեարկել նրա դեմ։

Leave a comment