«2025 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 617-ը՝ կարճվել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նա նշեց, որ 2024 թվականի համեմատ 2025-ին քննված վարույթների թիվն աճել է 12,9 տոկոսով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 տոկոսով։ Նահապետյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք հանդիսացել են ՀՀ նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության պետ, դատական իշխանության 5 աշխատակիցներ, այդ թվում՝ 2 դատավոր, ՊՆ 47 աշխատակիցներ, այդ թվում՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՆԳՆ, արդարադատության նախարարության աշխատակիցներ եւ այլն։
Մանրամասները՝ տեսանյութում
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ Հայաստանն այսօր կոռուպցիայի ի՞նչ աստիճանի վրա է։ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում առկա իրավիճակը նպաստավո՞ր է, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, դիտարկելով հայաստանյան կոռուպցիոն իրավիճակը, Հայաստանում խոշոր ներդրումներ անեն։ Տեսակետ կա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի շատ կամ հիմնականում ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին եւ չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումները։ Դուք ուսումնասիրո՞ւմ եք, երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Հետաքրքրվո՞ւմ եք՝ եթե բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, նվեր է, կարելի՞ է այդ նվերն ընդունել։ Ինչո՞ւ է կոմիտեի ուշադրությունը գրավում ոչ թե գործող պաշտոնյան, այլ նախկին պաշտոնյան»
Նահապետյանն ասաց, որ կոռուպցիայի չափելիություն չեն իրականացրել։ «Բայց կարող ենք ասել, որ բացահայտման առումով ունենք դրական դինամիկա և, ըստ էության, նաև համակարգային պայքար կոռուպցիոն երեւույթների դեմ»,- ասաց նա։
Արթուր Նահապետյանը նշեց, որ համաձայն չէ այն պնդումների հետ, թե կոմիտեն միայն զբաղվում է նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործերով։ Նա նշեց, որ իր թվարկած քրեական հետապնդումները մեծամասամբ վերաբերել են գործող պաշտոնյաներին։ «Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին եւս իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում գործող պաշտոնյաներ են։ Ապօրինի հարստացման գործերով էլ ունենք բազմաթիվ ստուգողական գործողություններ, նաեւ նախաձեռնված վարույթներ, որոնցով անցնում են նաեւ գործող պաշտոնյաներ, բայց հասկանալի պատճառներով այդ մասին չենք կարող մանրամասներ ներկայացնել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: