Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու, սակայն Իրանի հետ ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է. Սուրեն Սարգսյան

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամերիկյան զինված ուժերը բերված են 100 տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջնական որոշումը իրենն է, սակայն նա դեռևս հապաղում է:

Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը։

Երկրորդ կարևոր հանգամանքը պայմանավորված է ներքաղաքական ռիսկերի նվազեցմամբ։ Եթե ռազմական օպերացիան ունենա ծանր հետևանքներ ամերիկյան բանակի կամ զինվորականների համար, դա ուղղակի հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին, ինչի արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենթի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենթի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով որոշ հանրապետականներ կրկին կարող են միանալ իմպիչմենտին:

Ավելին, նրա նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնեցին իմպիչմենտի գործընթաց, ձևավորեցին հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ, ինչպես նաև ակտիվ քաղաքական և մեդիա արշավ ծավալեցին՝ գործընթացը հանրային օրակարգում պահելու համար, ինչի արդյունքում էլ շուրջ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:

Այսինքն՝ Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment