Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր

Քաղաքականություն

12.10.2026 | 21:58

Հոկտեմբերի 12-ին Վարշավայում Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին Լեհաստանի բարձր մակարդակի մասնակցության հարցին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան գործընկերության հարցեր՝ ընդգծելով բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչման կարևորությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին գոհունակություն են հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների և դրանց շրջանակներում Հայաստան-Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառման անցկացման կապակցությամբ՝ կարևորելով դրանց արդյունքների հիման վրա փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Ընդգծվել է Լեհաստանի շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճի դրական դինամիկան և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով զարգացող հայաստանյան և լեհական ընկերությունների միջև համագործակցության խթանման հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների թվայնացման ոլորտներում:

Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական ձգտումներին, ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը Լեհաստանի շարունակական աջակցությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների, ինչպես նաև Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում համագործակցության և փոխկապակցվածության զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև 2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովի շրջանակներում փոխգործակցության, այդ թվում՝ համաժողովին լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment