Այս մասին կիմանանք ՀՀ-ում ընտրությունների արդյունքներից. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովն է։

– Թե՛ հայաստանյան եւ թե՛ ադրբեջանական հասարակության մեջ միմյանց նկատմամբ անվստահության մեծ չափաբաժին կա, որքան էլ պաշտոնական մակարդակով դրական ազդակներ հնչեն, եւ դա բնական է՝ հաշվի առնելով երկարատեւ հակամարտությունը։ Իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի դպրոցական ծրագրերում, գրական գործերում շարունակում «թշնամի» համարել հայերին, Հայաստանը, եթե Ալիեւը խոսում է խաղաղության հաստատման մասին։

– Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր հետեւանքները՝ մարդասիրական, տնտեսական եւ քաղաքական։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը լայնածավալ էր, եւ, համապատասխանաբար, հետեւանքները շատ ավելի խորն ու լայն են։ Հետեւանքներից շատերն անշրջելի են։ Էթնո-տարածքային հակամարտությունն ունի երկու չափում․ այսօր կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ, կարելի է ասել, համաձայնել են՝ հետեւողական քայլեր ձեռնարկել հակամարտության տարածքային մասի վերջնական լուծման ուղղությամբ։ Սա ստեղծել է միջպետական փոխազդեցության եւ համագործակցության պայմաններ։ Հակամարտության երկրորդ մասը հասարակությունների միջեւ խաղաղության հասնելն է։ Սա բարդ խնդիր է, որը պահանջում է շատ ժամանակ, եւ այն կարելի է բաժանել ժամանակահատվածների։ Այս ժամանակահատվածներից յուրաքանչյուրը ստեղծում է նոր հնարավորություններ եւ պայմաններ՝ հասարակությունների միջեւ հաշտեցման գործընթացում քայլեր իրականացնելու համար։ Ներկայում իրականացվում են քայլեր, որոնք իրագործելի են՝ հաշվի առնելով խաղաղության օրակարգի ներկայիս համատեքստը։ Որքան առաջ է շարժվում խաղաղության օրակարգը, այնքան ավելի կարող են առաջ մղվել անհատական խաղաղության թեմաները հասարակությունների ներսում։ Սա վերաբերում է դպրոցական ուսումնական ծրագրերին, փոխադարձ մշակութային ժառանգությանը եւ շատ թեմաների, որոնք ներկայում զգայուն են հասարակությունների ընկալման մեջ: Այս ամենը կիրականացվի երկկողմանիորեն, քանի որ յուրաքանչյուր հասարակություն մշակել է սեփական սպասումները մյուսի նկատմամբ եւ իր ընկալումը խաղաղության օրակարգի պարամետրերի վերաբերյալ։ Ադրբեջանական հասարակության համար կարեւոր է խաղաղության օրակարգի վերաբերյալ հայ հասարակության դիրքորոշումը, որը համաձայնեցվել է ներկայիս Հայաստանի կառավարության հետ: Այս մասին մենք կիմանանք ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Սա խաղաղության գործընթացի կարեւոր շրջան է: Հաջորդ փուլը խաղաղության պայմանագրի ստորագրման եւ վավերացման մերձեցման քայլերն են։ Ներկայում խաղաղության պարամետրերը ձեւավորվում են երկկողմանիորեն: Քաղաքացիական հասարակության մակարդակում մենք որոշում ենք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ խաղաղության նեղ ընկալումից լայն ընկալման անցնելու համար: Սա վերաբերում է նաեւ ձեր հարցում նշված թեմաներին:

– Բաքուն պնդում է, որ խաղաղության պայմանագրի վերջնական կնքման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ նշելով, թե «դրանում տարածքային պահանջներ կան»։ Երեւանը հերքում է դա, բայց խոսվում է մոտ ապագայում երկրի մայր օրենքը փոխելու մասին։ Ըստ Ձեզ, սա կողմերի միջեւ միակ «վիճելի» կե՞տն է, միայն սա՞ է խոչընդոտում վերջնական խաղաղության հաստատմանը։

– Հայաստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն ներքին գործընթաց է, որի արդյունքները կազդեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ վավերացման վրա: Նոր սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մարտին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող հայկական քաղաքական ուժերը պետք է ձեւակերպեն իրենց դիրքորոշումը՝ առաջարկվող նախագծի վերաբերյալ: Հետաքրքիր կլինի նաեւ տեսնել, թե ինչպիսին է հաղթող քաղաքական ուժի դիրքորոշումը նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի մասին՝ կառավարության ծրագրում։ Սա, իր հերթին, մեզ կմոտեցնի խաղաղության գործընթացում անդառնալիության կետին՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ վավերացմանը։ Ադրբեջանական հասարակության համար կարեւոր է իմանալ, թե ինչպես են ընտրություններին մասնակցող հայկական քաղաքական ուժերն իրենց ծրագրերում անդրադառնալու Ադրբեջանի հետ հարաբերություններին, ներկայիս խաղաղության օրակարգին, եւ ինչպես է քվեարկելու հայ հասարակությունը: Խաղաղության օրակարգի պարամետրերը հստակ են եւ ուրվագծված են նախորդ հարցերի պատասխաններում։

Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment