BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին

Մայիսի 28-ից X հարթակում տասնյակ էջեր տարածում են տեսանյութ, որում պնդում է արվում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի արդյունքում Ֆրանսիայից լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայվել Երևանի մերձակայքում։ Տարբեր ալիքներում միասին տեսանյութը գրեթե 2 միլիոն դիտում է հավաքել։

Տեսանյութում նաև ասվում է, թե նրանք համալրել են արդեն իսկ Հայաստանում գտնվող 40 ֆրանսիացի զինծառայողներին՝ ընտրություններից հետո հնարավոր հասարակական անկարգություններին միջամտելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանին Ֆրանսիա տարհանելու նպատակով։

Բաց աղբյուրների հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում տեսանյութում հնչող պնդումները չեն հաստատվել որևէ արժանահավատ աղբյուրով։ Դրանից  բացի, տեսանյութում օգտագործվել է բրիտանական BBC-ի լոգոն, սակայն BBC-ն նման բովանդակությամբ հրապարակում չի ունեցել։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել է, որ ներկայացված պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ։

«Տարածվող կեղծ նյութերի փաթեթը Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունների շրջանակում հերթական ապատեղեկատվական արշավն է։ Նման տեղեկատվական հարձակումների նպատակն է հասարակության շրջանում անվստահություն և ներքին լարվածություն հրահրել, ինչպես նաև խաթարել Հայաստանի և նրա միջազգային գործընկերների միջև համագործակցության նկատմամբ վստահությունը»,– մեկնաբանել է Արամ Թորոսյանը։

AI տեսանյութը և BBC-ի լոգոն

X-ում տարածվող տեսանյութը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։ Այդ մասին հուշում է նաև տեսանյութը տարածած օգտատերերից մեկի՝ RoaaWarStudies-ի հրապարակմանը կից ավտոմատ ավելացված նշումը։ Սակայն տեսանյութը տարածած այլ օգտատերերի հրապարակումներում այդ փաստը նշված չէ։

Հատկանշական է, որ իրեն լրագրող և վերլուծաբան ներկայացնող, ազգությամբ թուրք Գաֆֆար Յակընջան նույնպես տարածել է այս տեսանյութը՝ ընդգծելով, թե դրա մասին հաղորդում է BBC-ն։

Նման կեղծ տեսանյութերի ստեղծման և տարածման նպատակներից մեկն է ապատեղեկատվությունը հնարավորինս համոզիչ ձևով ներկայացնելը։ Այդ պատճառով տարածողները հաճախ օգտագործում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների լոգոներ՝ կեղծ բովանդակությանը վստահելիության տեսք հաղորդելու համար։

Մինչ այս նույն ոճով X-ում տարածվել էր մեկ այլ կեղծ տեսանյութ, որի վրա դրվել էր Euronews-ի լոգոն, որպեսզի այն ավելի վստահելի թվար։ Ավելի ուշ Euronews-ը հայտնել էր, որ տեսանյութը չի ստեղծվել և չի հրապարակվել իրենց կողմից։

Հին կադրեր՝ բովանդակության խեղաթյուրմամբ 

Տեսանյութում օգտագործված որոշ կադրեր իրական են, սակայն դրանք չեն համապատասխանում AI-ով գեներացված անգլալեզու տեքստին և ներկայացվող պնդումներին։

Օրինակ՝ տեսանյութի սկզբում ասվում է, թե Ֆրանսիան լրացուցիչ 800 զինծառայող է տեղակայել Հայաստանում՝ համալրելով Երևանի մերձակայքում տեղակայված 40 ֆրանսիացի զինծառայողներին։ Այդ պնդմանը զուգահեռ ցուցադրվում են ինքնաթիռից դուրս եկող զինվորականների կադրեր։ Իրականում այդ կադրերը 2022 թվականի մարտին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերը համալրելու նպատակով ֆրանսիական զորքերի և տեխնիկայի Ռումինիա տեղափոխման մասին են։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ համաձայնության մասին հատվածը ուղեկցվում է 2025 թվականի փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած Փաշինյան-Մակրոն հանդիպման կադրերով։

Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայից ռազմական օգնություն խնդրելու մասին պնդումը ուղեկցվում է Երևանում մայիսի 4-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերով։

Տեսանյութում ասվում է նաև, թե Երևանում նկատվել է երկու Dassault Rafale կործանիչ։ Այդ պնդմանը զուգահեռ ներկայացվում են 2020 թվականի նոյեմբերի կադրեր, որտեղ Հնդկաստանը Ֆրանսիայից ստանում է Rafale կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Հայաստանում այդ ինքնաթիռների հայտնվելու կադրերը բացակայում են։

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասին

Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ու պաշտպանական համագործակցության վերաբերյալ հրապարակային տեղեկություններում որևէ հաստատում չկա, որ Երևանի մերձակայքում տեղակայվել է 40 ֆրանսիացի զինծառայող կամ նախատեսվում է այդ թիվը հասցնել 800-ի։

Հրապարակային աղբյուրներից հայտնի է, որ 2023 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմում ստեղծվել է պաշտպանության հարցերով առաքելություն։ Այն ներկայացվում է որպես կապի և համակարգման մեխանիզմ Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության և հայկական կողմի միջև։ Ֆրանսիական կողմի հայտարարությունների համաձայն՝ առաքելության նպատակն է ապահովել ամենօրյա երկխոսություն հայկական բանակի հետ և, անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրել Հայաստանի պաշտպանական և անվտանգության կարիքները։

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Նույն փաթեթի շրջանակում ստորագրվել է նաև ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Այսինքն, հրապարակային տվյալներով խոսքը հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության խորացման, խորհրդատվական և տեխնոլոգիական աջակցության, ինչպես նաև ռազմատեխնիկական գործակցության մասին է, ոչ թե Հայաստանում ֆրանսիական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման։

Համակարգված կեղծ տեսանյութերի տարածումը 

X-ում տեսանյութը սկսել է շրջանառվել մայիսի 28-ից։ Մեկ օրվա ընթացքում այն հավաքել է առնվազն 1,8 մլն դիտում։

Մեր դիտարկած օգտատերերից առաջինը, որը տարածել է տեսանյութը և որի հրապարակման մեջ նշված է, որ այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ, RoaaWarStudies օգտատերն է։ Այն ունի ավելի քան 571 հազար հետևորդ։

Roaa War Studies-ը նույնանուն կայքի X էջն է։ Այն ներկայանում է որպես արաբերեն լրատվական-վերլուծական նախագիծ կամ մեդիա հարթակ, որը զբաղվում է զինված հակամարտությունների, ռազմական հարցերի և պատերազմների վերլուծությամբ։

Կայքի «Մեր մասին» բաժնում նշվում է, որ նախագիծը ստեղծվել է 2019 թվականին Հյուսիսային Սիրիայում։ Սակայն WHOIS գործիքի տվյալներով՝ կայքը նորաստեղծ է․ այն գրանցվել է 2026 թվականի հունվարին։ Սա ինքնին չի ապացուցում, որ նախագիծը կեղծ է, քանի որ այն կարող էր ավելի վաղ գործել սոցցանցերում կամ այլ հարթակներում, սակայն ինքնաներկայացման և տեխնիկական տվյալների այս անհամապատասխանությունը կարևոր ազդակ է աղբյուրի վստահելիությունը գնահատելիս։

Roaa War Studies-ի բովանդակությունը հիմնականում վերաբերում է տարբեր տարածաշրջանների հակամարտություններին, հատկապես Իրան-ԱՄՆ լարվածությանը։ Սակայն դրան զուգահեռ նրանք ակտիվորեն մասնակցում են նաև Հայաստանի վերաբերյալ կեղծ տեսանյութերի տարածմանը։

Այս տեսանյութի տարածմանը մասնակցել են նաև մի քանի այլ օգտատերեր, որոնք նախկինում ևս աչքի են ընկել այսպիսի գործողությունների ժամանակ։ Նրանցից է նաև ամերիկացի լրագրող ներկայացնող Էթան Լևինսը, որը մեծ լսարան ունի X-ում և Youtube-ում։

Factor TV-ի նախորդ հոդվածներում այս և նմանատիպ օգտատերերը հիշատակվել են որպես Հայաստանի վերաբերյալ կեղծ տեսանյութեր շրջանառողներ։ Նրանք տարածել են տեսանյութեր, որոնցում պնդում էր արվում, թե Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագիր, որով հնարավոր կլիներ քվեախցիկներում վերահսկել և խմբագրել քվեարկության արդյունքները։ Factor TVուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս պնդումները անհիմն են, որոշ մանրամասներ՝ ակնհայտ կեղծ։

Նույն օգտատերերի կողմից տարածվել են նաև Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու, այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու, ինչպես նաև Գյումրիի մերձակայքում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին կեղծ տեսանյութերը, որոնք նույնպես անհիմն են եղել։

Այս կրկնվող օրինաչափությունը թույլ է տալիս խոսել ոչ թե մեկուսացված հրապարակումների, այլ Հայաստանի նախընտրական օրակարգի շուրջ կեղծ բովանդակության համակարգված տարածման հատկանիշների մասին։

Տարածման մեխանիզմը հիշեցնում է հիբրիդային տեղեկատվական ազդեցության գործողություն, որտեղ արհեստական բանականությամբ գեներացված կամ մանիպուլյատիվ տեսանյութերը տարածվում են մեծ լսարան ունեցող ռազմական, լրատվական կամ քաղաքական էջերի միջոցով՝ ստեղծելով վստահելիության պատրանք և արագ մեծացնելով դիտումների ծավալը։

Այսպիսով, X-ում տարածվող տեսանյութը կեղծ է։ Այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ և չի հրապարակվել BBC-ի կողմից։ Որևէ արժանահավատ աղբյուրով չեն հաստատվում տեսանյութում ներկայացված պնդումները, թե Հայաստանում 800 ֆրանսիացի զինծառայող է տեղակայվել, ի լրումն արդեն իսկ տեղակայված 40 զինծառայողի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքում է այդ պնդումները։

 

Մարիա Խաչատրյան

Leave a comment