Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ, փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի  և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․

1.      Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։

2.      Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։

3.      Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։

4.      Վերջնական զեկույցի հրապարակում։

5.      Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։

Leave a comment