Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատող հայկական բեռնատարները, որոնք 12 օր մնացել էին սահմանին, երեկ տեղափոխվել են վրացական Գեզի մաքսային տերմինալ: Թե քանի օր նրանք կմնան այնտեղ, հայտնի չէ:
Հիշեցնենք․ շինանյութով բարձված բեռնատարների մուտքը Հայաստան վրացական կողմն օրեր առաջ արգելել է:
Բեռնատարների վարորդները չեն կարողանում կապ հաստատել ո՛չ Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ, ո՛չ ՀՀ որեւէ պաշտոնյայի: Նրանք զանգահարել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, խնդրել, որ բարձրաձայնի հարցը: «Ասել են՝ սպասեք, մենք ձեզ կասենք՝ երբ գնաք: Արհեստական խնդիրներ են ստեղծում»,- «Հրապարակի» հարցերին պատասխանելով՝ նշեց պատգամավորը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է մեր բեռնատարների հետ Վրաստանում, քաղաքական ենթատեքստ ունի: «Վերջին շրջանում բավականին լարվել են հայ-վրացական հարաբերությունները՝ իշխանությունների անհեռատես հայտարարությունների պատճառով, եւ այդ առումով ես ենթադրում եմ, որ սա կապված է դրա հետ»,- ասում է Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք․ նոյեմբերին, Եվրանեսթի ԽՎ վերջին լիագումար նիստի շրջանակում, Երեւանում ընդունվեց բանաձեւ, որը ստորագրել էին նաեւ մեր պատգամավորները, եւ որով հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որակվել էին որպես «կեղծված», իսկ կառավարությունը՝ «ինքնահռչակ»։ Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել էր, որ հրաժարվում է մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հետագա նիստերին։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: