«Մենք կանք»-ը դարձավ հիշեցում, որ մշակույթը դեռ ապրում է, իսկ քանի դեռ այն ապրում է՝ մենք նույնպես կանք

«Ապառաժի» հարցազրույցը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի հետ

-Արցախի տեղահանությունից հետո ստեղծված «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն իր վրա մեծ առաքելություն է վերցրել, որն միտված է Արցախյան մշակույթի պահպանմանը, առավելապես Արցախում գործող պետական համույթների, ինքնագործ խմբերի պահպանմանը և Արցախյան մշակույթը ավելի ճանաչելի դարձնելուն։ Ինչքանո՞վ է դա ձեզ հաջողվել․․․

-2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ եթե նյութական մշակութային ժառանգությունն այսօր գտնվում է թշնամու վերահսկողության տակ և դրա պահպանման լծակները սահմանափակ են, ապա մենք պարտավոր ենք փրկել կենդանի մշակույթը՝ համույթները, ստեղծագործական ներուժը, մարդկանց, որոնք այդ ժառանգության կրողներն են։ Այդ համոզմամբ էլ 2023 թվականի նոյեմբերի 15-ին հիմնադրեցինք հասարակական կազմակերպությունը։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ավելի քան 60 մշակութային միջոցառում՝ համերգներ, փառատոններ, կրթամշակութային ծրագրեր՝ հատկապես ՀՀ մարզերում և սահմանամերձ համայնքներում։

Մենք մասնակցել ենք միջազգային փառատոնների, համագործակցել պետական և ոչ պետական կառույցների հետ, ներգրավվել դրամաշնորհային ծրագրերում։ Հատկանշական է նաև մեր միջազգային ներկայությունը։ 2025 թվականին Արցախի պարի պետական համույթը պատմական համերգով հանդես եկավ ԱՄՆ-ում, իսկ Իտալիայում մասնակցեցինք միջազգային ֆոլկլորային փառատոնի, որն անցկացվում էր CIOF-ի կազմակերպմամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ։ Սա կարևոր քայլ էր ոչ միայն մշակույթի ներկայացման, այլև արցախյան մշակութային իրավունքների բարձրաձայնման առումով։ Իհարկե, մարտահրավերները մեծ են․ ունենք կայուն ֆինանսավորման խնդիր։ Պետք է անկեղծ նշել, որ բոլոր կոլեկտիվներին ամբողջությամբ պահպանել դեռևս չի հաջողվել։ Կայուն ֆինանսավորման բացակայությունը, կազմակերպչական և նյութատեխնիկական սահմանափակումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում։

Շատ արվեստագետներ ստիպված են զուգահեռաբար աշխատել այլ ոլորտներում՝ պարզապես գոյատևելու համար։ Այդուհանդերձ, մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ նույնիսկ այս պայմաններում պետք է պահպանել գոնե համերգային և ծրագրային ակտիվությունը, որպեսզի կոլեկտիվները չկորցնեն իրենց ստեղծագործական կենսունակությունը։ Մշակույթը չի կարող սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Այն պետք է ապրի հենց այսօր, թեկուզ՝ նվազագույն հնարավորություններով։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, մենք կարողացել ենք պահպանել հիմնականը՝ բեմը, ստեղծագործական ոգին և համախմբվածությունը։ Իսկ քանի դեռ մշակույթը կենդանի է՝ մենք չենք պարտվել։

-Ձեր կողմից նախաձեռնված «Մենք կանք» խորագրով համերգը, որը կազմակերպվել է հունվար ամսում, հաջողությամբ է պսակվել, հանրային մեծ արձագանք ունեցել։ Կխոսե՞ք միջոցառման գաղափարական նշանակության, կազմակերպչական ծրագրերի մասին․․․

— «Մենք կանք» խորագիրը պատահական չէր ընտրված։ Դա հայտարարություն էր՝ ինքնության, արժանապատվության և գոյության մասին։ Մեր առաջին մեծ համերգը կայացել է 2023 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Իսկ 2025 թվականի հունվարի 18-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացրինք արդեն լայնածավալ համազգային միջոցառում։

Միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ անգամ պատերազմից և բռնատեղահանությունից հետո արցախյան կրթական, մշակութային, մարզական և հասարակական նախաձեռնությունները շարունակում են գործել, արարել և ապրել։ «Մենք կանք»-ը դասական համերգի ձևաչափ չէր հետապնդում․ այն ավելի լայն գաղափարական հարթակ էր՝ միավորելու տարբեր ոլորտներում գործող արցախյան կառույցներին և հիշեցնելու, որ մշակույթը միայն բեմական ներկայացում չէ, այլ ինքնության, դիմակայության և շարունակականության արտահայտություն։ Կազմակերպչական առումով միջոցառումը իրականացվել է չափազանց սեղմ ժամկետներում, սահմանափակ ռեսուրսներով և առանց կայուն հովանավորության։ Չնայած դժվարություններին՝ նախաձեռնությունը կյանքի կոչվեց հավատացող մարդկանց և համախմբված ջանքերի շնորհիվ։ Հանրային արձագանքը ցույց տվեց, որ հասարակությունը սպասում էր նման ուղերձի։

«Մենք կանք»-ը դարձավ հիշեցում, որ մշակույթը դեռ ապրում է, իսկ քանի դեռ այն ապրում է՝ մենք նույնպես կանք։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment