Շուտով նախատեսվում է «Turkish Airlines»-ի մուտքը հայաստանյան շուկա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ընկերությունը մեծ ներուժ ունի իրականացնելու Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթները։
«Ինձ միշտ հարցնում են Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի մասին, իսկ իրենք իրականացնում են այդպիսի չվերթ ու ունեն այդ ներուժը: Դեռ չեմ կարող ասել, թե իրենք ինչպես կվարվեն, բայց աշխարհում երրորդ հզորագույն ավիաընկերություններից մեկն է, ու կարող է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի հնարավորություն ստեղծել: Սա մեր նոր բանակցվող ուղղություններից մեկն է, չեմ կարող ասել՝ երբ կլինի, բայց մեր ուշադրության կենտրոնում է գտնվում»,- նշել է նա:
Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունը սոցցանցերի հայալեզու օգտատերերին ուղղված գովազդներում հայտնում էր այս տարվանից Երևանից նախատեսվող նոր թռիչքների մասին։ Դեռ տարեվերջին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտից սկսած «Turkish Airlines» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան:
Նշվում է, որ չվերթները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ՝ սկսած 2026 թվականի մարտի 11-ից, իսկ մայիսի 14-ից Ստամբուլ-Երևան չվերթների շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Արդեն հունիսի 15-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 14 անգամ։
Անդրադառնալով Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթին` Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում գրել էր. «Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026թ․ մարտի 11-ից չվերթեր կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ»։
Անի Թամրազյան