Կենսաբազմազանության պահպանությո՞ւն, թե՞ ընդերքօգտագործման համար հողհատկացման դյուրացում. հակասություններ շրջանառած նախագծերում

2025թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության դրվեց օրենսդրական մի փաթեթ, որով նախատեսվում է պարզեցնել ընդերքօգտագործման համար հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերը։

Սակայն առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հակասում է «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը (2025-2030թթ․) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Ռազմավարության նախագծի հավելված 2-ի առաջին կետով նախատեսվում է, որ մինչև 2030թ․ Հայաստանը պետք է կանխի բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս գտնվող, հարուստ կենսաբազմազանությամբ օժտված տարածքների կորուստը՝ դրանք ներառելով տարածական և հողօգտագործման պլանավորման արդյունավետ գործընթացներում։ Մինչդեռ նոր օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի կարգավորում, ըստ որի՝ ՇՄԱԳ գործընթացի առաջին հանրային լսման արդյունքում համայնքի ավագանին տալիս է համաձայնություն օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով պետական և համայնքային հողամասերի օգտագործման վերաբերյալ։ Այդ որոշումը կայացվում է այն փուլում, երբ տվյալ տարածքի կենսաբազմազանության վերաբերյալ առկա չէ ամբողջական և հավաստի տեղեկատվություն։

Փաթեթով առաջարկվող կարգավորումները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ ենթադրյալ տարածքներում թե՛ կենսաբազմազանության հնարավոր կորուստների, թե՛ միկրոռեգիոնալ մակարդակում տարածական պլանավորման վրա։ Բացի այդ, դրանք կարող են ազդել թեկնածու կարգավիճակ ունեցող էմերալդ տարածքների սահմանազատման ու ճշգրտման գործընթացների վրա և հանգեցնել դրանց կորուստների։

Օրենսդրական նոր նախագծի առնչությամբ 2026թ․ փետրվարի 18-ին Երևանում կայացած «ՀԳԸՀ (CEPA) իրականացումը քաղաքացիական հասարակության տեսանկյունից․ մարտահրավերներից դեպի հնարավորություններ» թեմայով քննարկման ընթացքում «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանն ասաց․ «Համայնքներին տրված է որոշում կայացնելու իրավունք։ Սա երկսայր սուր է իրականում։ ՏԿԵՆ-ի կողմից մշակված օրենսդրական փաթեթով համայնքների վրա դրվում է պարտավորություն առաջին փուլում հեշտացված կարգով կատարել հողահատկացում։ Եթե առաջին փուլում տրվում է նախնական համաձայնություն, ապա միաժամանակ պետք է իրականացվի նաև հողհատկացում հանքարդյունաբերողին։ Հետագայում, երկրորդ փուլում, նույնիսկ եթե համայնքը դեմ արտահայտվի նախագծին, արդեն չի կարող հետ կանգնել իր նախնական որոշումից։ Բացի այդ հողի տրամադրումից հրաժարվելու դեպքում կարող է առաջանալ ֆինանսական պատասխանատվության հարց, ներառյալ՝ տուգանքի կիրառում։

Խնդրի առանցքային հարցը տեղեկատվության ծավալն է առաջին փուլում։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքի 28-րդ հոդվածով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրի ընդերքօգտագործողը, և այն ունի ընդհանրական բնույթ՝ ներառելով անունը, հասցեն և նախագծի ընդհանուր նկարագրությունը։ Այս տեղեկատվության հիման վրա համայնքը պետք է որոշում կայացնի ոչ միայն թույլտվություն տալու, այլև՝ հող տրամադրելու վերաբերյալ։ Սակայն ամբողջական տեղեկատվությունը նախագծի հնարավոր ազդեցությունների և վտանգների մասին ներկայացվում է ավելի ուշ՝ երկրորդ փուլում։ Այդ փուլում, նույնիսկ եթե բացահայտվեն էական ռիսկեր, համայնքը, արդեն նախնական համաձայնություն և հող հատկացնելու որոշում ընդունած լինելով, չի կարող հրաժարվել դրանից»։

Փետրվար 21, 2026 at 14:59

Leave a comment