«Բալայան Արտակն ունի կոնկրետ պարտավորություններ, մենք այդ գումարները ողորմություն չենք խնդրում, դրանք պատկանում են Արցախի ժողովրդին»․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը վերջին օրերին տեսաուղերձներով բարձրաձայնում է Արցախի ներդրումային հիմնադրամի գումարների հարցը։

Մասնավորապես, տեսաուղերձներից մեկում Նժդեհ Իսկանդարյանը նշում է «Այն, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները որեւիցե հարց չեն քննարկում՝ արցախցիների հոգսերը թեթեւացնելու նպատակով, դա գիտեն բոլորը, բայց այն, որ Արցախի նախկին պաշտոնյաներից որոշները եւս չեն հանդիպում արցախցիների հետ, դա եւս պետք է արձանագրենք որպես փաստ։ Խոսքս ուղղում եմ Բալայան Արտակին, արցախցիների շրջանում առավել հայտնի Արցախաբանկի Արտակին։ Պարոն Բալայան Արցախբանկի բաժնետոմսերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին, 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որեւիցե կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ»։

Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ մի քանի ամիս առաջ քաղաքակիրթ ձեւով խնդրել է հանդիպում կազմակերպել Արտակ Բալայանի հետ, բայց որեւիցե դրական դինամիկա չկա։ «Ես հասկանում եմ, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ վայելում եք ՀՀ իշխանությունների հովանավորությունը։ Բայց ինձ մեկ հարց է հետաքրքրում՝ դուք ձեր կարիերան ստեղծել եք այն մարդկանց շնորհիվ, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում, մի օր այդ մարդկանց աչքերի մեջ նայելով՝ դուք ի՞նչ եք ասելու, ինձ դա է հետաքրքիր։ Մի օր չտեսենք մեկիդ, որ գար Արցախի ներկայացուցչություն, ասեր՝ ինչ կարող ենք անել մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար։ Սա չի վերաբերում միայն Բալայան Արտակին, սա վերաբերում է որոշ անհատների»,- իր երկրորդ տեսաուղերձում ասում է Նժդեհ Իսկանդարյանը։

«Առավոտ»-ի հետ զրույցում Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Իմ խոսքը կոնկրետ վերաբերում է Բալայան Արտակին, քանի որ Արցախբանկի բաժնետոմսերի մոտ 45 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին՝ Արցախի կառավարությանը։ Թվերի տեսքով 25 մլրդ դրամի մասին է խոսքը, եւ այս 2-3 տարվա ընթացքում կա նաեւ շահույթ՝ մի քանի միլիարդ էլ դա է կազմում։ Նախքան իմ պետնախարար նշանակվելը՝ Արցախի կառավարության որեւէ ներկայացուցչի հետ Բալայան Արտակը չի հանդիպել, խուսափում է։ Մի քանի ամիս է՝ ես դիմել եմ խնդրանքով, սկզբնական շրջանում խոստացան, որ կհանդիպի, բայց հետո իմ զանգերին էլ չեն պատասխանում։ Այս գումարները պատկանում են մեր ժողովրդին եւ պետք է ուղղվեն ժողովրդի սոցիալական վիճակը թեթեւացնելուն։ Բալայան Արտակն ունի կոնկրետ պարտավորություններ, մենք այդ գումարները որեւիցե մեկից ողորմություն չենք խնդրում, դրանք պատկանում են մեր ժողովրդին»։

Արցախցիների թվում կան մարդիկ, ովքեր պնդում են, որ Արցախի ժողովրդի սոցիալական ու մյուս հարցերով պետք է կոնկրետ աշխատանք տանեն հենց Արցախի իշխանությունները։ Անդրադառնալով մեր այս հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի այս հայտարարություններին, Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Իհարկե, մենք պարտավոր ենք, բայց տեղահանումից հետո Հայաստանի կառավարությունը սոցիալական ամբողջական բլոկի հարցերը վերցրել է իր վրա։ Իսկ Արցախի պետբյուջեում եղած գումարները Կենտրոնական բանկի կողմից սառեցվել են։ Ինչ վերաբերում է իմ քայլերին, որ փորձում եմ կառուցողական դաշտ բերել Բալայան Արտակին ու այդ գումարներն ուղղել արցախցիների սոցիալական խնդիրները լուծելուն, բնականաբար, ես պետք է հենց դրանով էլ զբաղվեմ։ Ուղղակի հիմա լավ պայմաններ են իրենց համար, ՀՀ իշխանությունների հովանավորությունն ունեն, ոչ հանդիպում են, ոչ էլ որեւիցե կերպ փորձում են մեր հարցերին պատասխանել։ Մենք էլ չունենք ուժային կառույցներ, դատական համակարգ, իսկ այդ մարդիկ էլ օգտվում են այդ բարենպաստ պայմաններից»։

Նշենք, որ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի շահերը պաշտպանող փաստաբան Ռոման Երիցյանն էլ վերջերս տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության ներդրումային հիմնադրամում կան ահռելի թվերի հասնող միջոցներ, որոնք այս պահին սառեցված են։ Այդ գումարներով, ըստ փաստաբանի, հնարավոր է երկրորդ Արցախ կառուցել, բայց ՀՀ իշխանությունները սառեցրել են այդ գումարները։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment