Պետական գույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) հաշվեկշռում 2025 թվականի դրությամբ հաշվառված է եղել 4647 ավտոմեքենա։ Սա 289-ով ավելի է, քան 2024 թվականին պետական հաշվեկշռում գրանցված մեքենաների թիվը։
«Փաստերի ստուգման հարթակը» Պետական հաշվեկշռում ներառված ավտոմեքենաների քանակի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով գրավոր հարցմամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հայցելով հաշվառված մեքենաների թիվը 2024 և 2025 թվականների դրությամբ։ Ստացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա ներկայացնում ենք պետական հաշվեկշռում ընդգրկված ավտոմեքենաների ընդհանուր քանակը, դրանց արտադրման տարեթվերը, ինչպես նաև վիճակագրությունը` ըստ պետական կառույցների։
Ստացված տվյալների համաձայն՝ պետական հաշվեկշռում ընդգրկված ամենահին ավտոմեքենան 1968 թվականի արտադրության ԳԱԶ 51Ա մոդելն է, որը հաշվառված է հենց Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։
Տվյալները ցույց են տալիս, որ պետության հաշվեկշռում ներառված տրանսպորտային միջոցների մի զգալի մաս արտադրվել է նախորդ դարի վերջին։ Մասնավորապես՝ 1970-1999 թվականների արտադրության տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 507։
2000-2010 թվականների արտադրության տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն շատ է՝ 1474, իսկ 2011-2018 թվականների արտադրության ավտոմեքենաների թիվը 984 է։
Միևնույն ժամանակ, պետական հաշվեկշռում ընդգրկված 2019-2025 թվականների արտադրության տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 1098, ինչը վկայում է վերջին տարիներին պետական ավտոպարկի որոշակի թարմացման մասին։
Սակայն ներկայացված ցանկում առկա են նաև բաց տվյալներ․ ընդհանուր առմամբ 584 տրանսպորտային միջոցի դեպքում արտադրման տարեթիվը նշված չէ, ինչը թույլ չի տալիս ամբողջական պատկեր կազմել պետական ավտոպարկի տարիքային կառուցվածքի վերաբերյալ։
Տրանսպորտային միջոցներ տնօրինելու առաջատարը Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունն է՝ 2083 մեքենայով, այն նաև տնօրինում է ամենամեծ քանակությամբ նոր արտադրության մեքենաները։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռք է բերել 2024 թվականի արտադրության 3 մեքենա, իսկ 2025 թվականի արտադրության՝ 73։ 2025 թվականի արտադրության մեքենաների ընդհանուր թիվը 80 է։
Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում կա 17 մեքենա, Նախագահի աշխատակազմի հաշվեկշռում՝ 7 մեքենա, Ազգային ժողովի հաշվեկշռում՝ 29։ Սահմանադրական դատարանը ունի 3 մեքենա, Դատական դեպարտամենտը՝ 11։
10 մարզպետարանները միասին ունեն 36 մեքենա։
The post 1968-ի արտադրության ԳԱԶ-ից՝ մինչև 2025-ի նոր մեքենաներ․ ինչպիսի՞ն է պետական ավտոպարկը appeared first on FIP.AM.