Այսօր pastinfo.am-ը առավոտյան տեղեկացրեց, որ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Արտաքսման կիրակի օրվա պատարագի ընթացքում ներս են մտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, որից հետո եկեղեցի են մտել Փաշինյանն ու մի քանի պաշտոնյաներ։ Պատարագի ընթացքում, սակայն, Վեհափառի անունը չի զեղչվել։ Երգչախումբն էլ լիարժեք կատարել է իր գործը։
Ավելի ուշ այդ տեղեկությունը 24News-ին հաստատել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը: 24News-ը Հայր Իսահակի հետ կապ է հաստատել, որպեսզի հասկանա նրա տեսակետը, արդյոք նա միացե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմն անցած հոգևորականներին։
«Ես ոչ մեկի օրակարգին չեմ միանում, ես իմ ծառայության մեջ եմ: Նիկոլ Փաշինյանը, ինչպես մեր մյուս հավատացյալները, եկեղեցի է այցելել: Մենք մեր պատարագն ենք արել, մենք մեր աղոթքն ենք արել: Պատարագը կատարվել է ըստ պատշաճի, ոչ մի զեղչում չի եղել, պատարագի վերջում երգվել է «Ամեն հայի»-ն: Հավատացյալները մոտեցել են և օրհնություն են ստացել»,-ասաց նա:
Հայր Իսահակի խոսքով, ինքը շրջվել, տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն է կանգնած, մոտեցել և բարևել է:
«Ոչ մի արտակարգ բան, փոփոխություն չի գրանցվել մեր կյանքի մեջ: Մենք մեր ծառայության մեջ ենք»,-զրույցը եզրափակեց Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: