Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի հավաքականը շարունակում է ուրախացնել մեդալներով:
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմից փայլուն ելույթ է ունեցել Արթուր Ավետիսյանը։
Օղակների վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակել է 14․366 միավոր՝ կանգնելով պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին և հռչակվելով Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլի հաղթող։ Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը 13․766 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Հայ մարզիկները մեդալային հաջողություն են գրանցել նաև նժույգ թափեր վարժությունում: Մամիկոն Խաչատրյանը, գերազանց ելույթ ունենալով և վաստակելով 14․966 միավոր, դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր: Նույն մրցաձևում հանդես եկող Համլետ Մանուկյանն էլ իր ակտիվում գրանցած 14․166 միավորով մրցաշարն ավարտել է 7-րդ տեղում։