Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր առավոտյան մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնում։
Ինչպես ներկայացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։