Երևանի թիվ 143 մանկապարտեզի սաների ծնողները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում տնօրենի դեմ. մտահոգված են՝ ինչպես է կոռուպցիոն հանցագործության մեջ կասկածվողը շարունակում պահպանել աշխատանքը։
Ծնողները այցելել էին մանկապարտեզի տնօրեն Դանիելյանին և պահանջել պարզաբանում, թե ինչպես է ստացվել, որ նա կրկին սկսել է գալ աշխատանքի, ինչու քրեական վարույթի շրջանակում քննություն չի իրականացվում, և ինչու չեն հարցաքննվում մանկապարտեզի աշխատակիցները։
Ծնողները մտահոգված են, որ իրենց երեխաներին բերում են մի հաստատություն, որի տնօրենի նկատմամբ կորցրել են վստահությունը։
Մանկապարտեզի տնօրենը հրաժարվել է բողոքող ծնողների հետ խոսել լրատվամիջոցների ներկայությամբ։ Նա նշել է, որ դիմել է քաղաքացիական դատարան, որտեղ էլ վերականգնվել է իր աշխատանքի իրավունքը։
Նրա խոսքով՝ իրեն աշխատանքից ազատելու որոշումն անհիմն է եղել, և դատարանը բավարարել է իր հայցը։
MediaHub-ը թեմայի վերաբերյալ դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից էլ ստացանք հակիրճ պատասխան՝ դատարանի որոշմամբ է վերականգնվել մանկապարտեզի տնօրենի աշխատանքի իրավունքը։
Էմմա Մարտիրոսյան