Գուսան Հայկազունու գրքերի շնորհանդեսը

Փետրվարի 19-ին Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում գործող թիվ 10 գրադարանում, տեղի ունեցավ ճանաչված մշակութային գործիչ, Գուսան Հայկազունու հեղինակած «Սեր և մեղեդի» և «Արցախն իմ երգերում» գրքերի շնորհանդեսը։ Մշակութային այս կարևոր միջոցառումը նախաձեռնել էր գրադարանի տնօրեն Զեփյուռ Սարդարյանը։

Ներկա էին արվեստասերներ, Գ․ Հայկազունու՝ Գագիկ Նազարյանի ընկերներ, բարեկամներ, երիտասարդներ, արցախցիներ։ Թանգարանի տնօրենը ողջունելով ներկաներին, ասաց՝ տեղին է՝ Հայկազունու գրքերի շնորհանդեսը բացվի նրա երգերից մեկով, որը կատարեց Արցախից եկած Արմինե Հովհաննիսյանը(առաջարկեց ծափահարել արցախցիներին), ով երբեք Արցախն իր սրտից չի հանում և կարոտը սրտում երգում է։ Տ․ Սարդարյանը նաև հույս հայտնեց, որ մի օր կրկին Արցախը մերն է լինելու։

Ներկաներին ողջունեց օրվա հերոսը՝ ընթերցելով իր գործերից «Չընկճվես, ազգ իմ» բանաստեղծությունը։ Գուսանի մասին խոսք ասացին, նրա արվեստը կարևորեցին հատկապես Արցախյան առաջին գոյամարտի տարիներին ճանաչված ռազմական ռեժիսոր, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հեղինակ Սամվել Թադևոսյանը, երգչուհի Կարինե Մկրտչյանը, այլոք։ «Գուսան Հայկազունու ներդրումը մեր երգարվեստում, պոեզիայում աներևակայելի մեծ է։ Այս գրքերն ու երգերը, որ արդեն կան, նորերը, որ պետք էլինեն, դրանց համար շնորհակալ եմ», -ասաց ներկաներից մի աղջիկ՝ վստահեցնելով Գուսանի երգերը շարունակելու են երգել և կսովորեցնեն մեր սերունդներին։ Ցերեկույթի վերջում եղավ երաժշտական մաս։ Գուսան Հայկազունն իր հեղինակած գրքերը նվիրեց ներկաներին։ «Արցախն իմ երգերում» գրքում հեղինակը, բացի իր երգ-բանաստեղծություններից, անդրադարձել է նաև Արցախյան գոյամարտի նշանավոր դեմքերին՝ Պետրոս Ղևոնդյան, Աշոտ Ղուլյան, Վարդան Ստեփանյան-Դուշման Վարդան(«Հպարտ գնացեք․․․»), ռազմական բժիշկ Նորիկ Շահբազյան, Արտաշատի ջոկատի հրամանատար Լաերտ Սաղաթելյան և ուրիշներ։ Երգեր կան նվիրված Արտաշատ մայրաքաղաքին, Արցախի Քաշաթաղի շրջանին։ 1990-ին պետք է Զորավար Անդրանիկի աճյունը բերվեր Երևան, և այդ առիթով Գուսան Հայկազունը գրեց «Արի՛, զորավար» երգը։

«Ճիշտ ժամանակն է, արի՛, զորավար,
Քեզ են սպասում քաջեր անհամար,
Դեպի Մուշ, Սասուն, դեպի Գանձասար,
Դեպի քաջ Զեյթուն, Մուսալեռ մեզ տար»։

Սակայն Զորավար Անդրանիկի աճյունը 10 տարի անց բերվեց ու հուղարկավորված է Եռաբլուրում։ Գրքում հետաքրքիր հիշողություն կա Արտաշատի ջոկատի՝ Գետաշեն մեկնելու մասին, որի ժամանակ էլ ծնվել է մեր ժողովրդի կողմից շատ սիրված «Գետաշեն» երգը։ Նույն երգի կատարումով մեր զինվորները փրկել են հայ մանուկներին, ովքեր թաքնվել էին անտառում։ Ժամանակակից գրող-հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը գրքում խոսք ունի Հայկազունու մասին։ Անդրադառնալով Խորենացու կողմից հիշատակված մեր հնօրյա գուսաններին՝ զուգահեռներ է բերում՝ գրելով․ «Այս հին արվեստաց մերօրյա բամբռահարը Գուսան Հայկազունն է, ում հրեղեն երգը վերջին 30 տարում Երկիր մոլորակի բոլոր անկյուններում, որտեղ անգամ մեկ հայ է ապրում, դառնում է Հազարան բլբուլի հրեղեն հավքը, ազատության ու հավերժության Բրաբիոն ծաղիկը․․․»։

Գրքում կա նաև երգիչ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի խոսքը Հայկազունու մասին․ «․․․Սակայն Գուսան Հայկազունու տարբերակը բոլորովին այլ է՝ իր ստեղծագործությունները զարթոնքի, վերելքի, միասնության, համախմբվածության, պայքարի, հայրենիքը սիրելու, հայրենապաշտ լինելու կոչ են»։ «Սեր և մեղեդի» գրքում հեղինակն անդրադարձել է հիմնականում պատանեկան տարիներին գրած գործերին։ Հեղինակը խոստանում է՝ եթե չլիներ Արցախյան շարժումը, ինքը դժվար թե երգեր գրեր ու դառնար նման երգերի հեղինակ ու սիրելի գուսան հայ ժողովրդի կողմից։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment