Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում կրկին ակտիվացել են «Երևան Սիթի» և այլ սուպերմարկետների ցանցերի անվան տակ գործող կեղծ էջեր։ Այս էջերը հայաստանյան օգտատերերին խոստանում են թանկարժեք մրցանակներ կամ խոտանված կենցաղային տեխնիկա՝ պահանջելով կատարել պարզ գործողություններ։
Նմանատիպ գրառումները շատ արագ հավաքում են հազարավոր մեկնաբանություններ և տարածումներ՝ մոլորեցնելով օգտատերերին։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս կեղծ ֆեյսբուքյան էջերի գործունեությունը։
Թվերի գուշակում և 400 «քերծված» խմորախառնիչ
«Yerevan City Fans» անունով ֆեյսբուքյան էջը փետրվարի 17-ին հրապարակել է գրառում՝ օգտատերերին առաջարկելով գուշակել լուսանկարում պատկերված թիվը։ Որպես մրցանակ խոստանում են սմարթֆոններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ և գնումների վաուչերներ։
Գրառումն ուղեկցվում է լուսանկարով, որտեղ դժվարությամբ ճանաչելի թվեր են երևում, և մարդիկ ակտիվորեն փորձում են գտնել ճիշտ պատասխանը։ Արդյունքում հրապարակումն արդեն ունի հարյուրից ավելի մեկնաբանություն և տարածում։
Էջի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում ստեղծվել է դեռևս 2023 թվականի նոյեմբերին «K̲a̲r̲e̲l̲y̲ R̲u̲i̲z̲» անունով։ Էջը միայն օրեր առաջ՝ փետրվարի 17-ին է վերանվանվել «Yerevan City Fans»՝ խաբեությունն իրականացնելու նպատակով։
Մեկ այլ կեղծ էջ՝ «ۦYerevan City Supermarkets.ۦ» անվանումով, հունվարի 22-ին հրապարակել է մեկ այլ գրառում, ըստ որի՝ իբր նվիրում են 400 խմորախառնիչ։ Նշվում է, թե տեխնիկան չի վաճառվում աննշան քերծվածքների և փոսերի պատճառով։ Օգտատերերին հորդորում են մեկնաբանություններում գրել «@» նշանը և սեղմել «գունանշել» (highlight) կոճակը։
Այս գրառումը ստացել է ահռելի ներգրավվածություն՝ հավաքելով ավելի քան 1,800 մեկնաբանություն և 600-ից ավելի տարածում։ Ֆեյսբուքում @highlight հաղորդագրությունը ավտոմատ կերպով ծանուցում է օգտատիրոջ ընկերներին՝ ապահովելով գրառման վիրուսային տարածումը։
Էջը, ըստ թափանցիկության տվյալների, ստեղծվել է 2025-ի հոկտեմբերին և կառավարվում է Ինդոնեզիայից։ Սա հերթական անգամ հաստատում է, որ գործարքների և խաղարկությունների հետևում կանգնած են արտասահմանյան զեղծարարներ, որոնք թիրախավորում են հայաստանյան լսարանը։
Զեղծարարները, որպես կանոն, աշխատում են հստակ մշակված սխեմայով. մեկնաբանություն թողած օգտատերերին ուղարկվում է անձնական հաղորդագրություն, որը պարունակում է ֆիշինգային կայքերի հղումներ։ Այդ կայքերն արտաքնապես կարող են նմանակել սուպերմարկետի պաշտոնական կայքին։
Գրանցվելու կամ նվերը ստանալու պատրվակով զեղծարարները պահանջում են մուտքագրել անձնական տվյալներ և բանկային քարտի մանրամասներ։ Որոշ դեպքերում հղումները կարող են պարունակել վիրուսային ծրագրեր, որոնք վարակում են օգտատիրոջ սարքը և գողանում գաղտնաբառեր։
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միակ պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է, որ խաղարկությունների վերաբերյալ անհրաժեշտ է ծանոթանալ իրենց պաշտոնական էջերում։
Կարդա նաև՝ «Հազարավոր լայքեր և տարածումներ. խարդախության անդադար շրջապտույտը ֆեյսբուքի հայկական տիրույթում»
The post Կեղծ խաղարկություններ «Երևան Սիթիի» անունից. ինչպես են ինդոնեզական էջերը տեխնիկա «նվիրում» appeared first on CIVILNET.