ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը ողջունել է Մարիամ Քվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Մարիամ Քվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։ Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարգային հարցեր։
Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։
Երկուստեք կարևորվել է նաև ավիացիոն ոլորտի զարգացումը, Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար կազմել գործողությունների ծրագիր։