Փոխհատուցման ընթացակարգ քաղաքապետարանը չունի. Փամբուխչյանը՝ փոսերի հետևանքով տուժած մեքենաների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025-ին համեմատած 2024-ի հետ 2,5 անգամ ավել աղ ու ավազով մշակում է եղել: 2025-ին եղել է աննախադեպ ձյան քանակ»,- այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը խոսելով մայրաքաղաքի փողոցներում աղ ու ավազի կիրառման հետևանքով գոյացած փոսերի մասին:
«Մեր այն փողոցներում, որտեղ 2024-25–ին իրականացրել ենք միջին նորոգում և փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, նույն քանակի աղ ու ավազ լցվել է: Որքան է թարմ է եղել միջին նորոգումը կամ փոսալցումը, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե վարորդներ կան, որոնց մեքենաները վնասվել են, նա նշեց, որ իրավիճակը ստեղծվել է բնական իրավիճակով պայմանավորված, փոխհատուցման ընթացակարգ քաղաքապետարանը չունի:
Ինչ վերաբերում է փոսալցման ժամանակ բիտումի փոխարեն նաև բիտումային էմուլսիա օգտագործելուն, նա նշեց, որ դա էլ թույլատրելի է. «Բիտումի խնդիր չունենք, բայց ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում, օրինակ՝ Վարդանանց փողոցում փոսլացում կատարվել է առանց բիտումի, ամբողջը քանդվելու է: 10 հազար քառակուսի մետր արդեն իսկ փոսալցվել է, բայց ըստ պլանի պետք է լինի 200 հազար»,- ասաց փոխաքաղաքապետն ու նշեց, որ փետրվարին փոսալցում իրականացնելը բխում էր ֆորսմաժորային իրավիճակից: