Մահացել է դերասան, Shortparis խմբի մենակատար Նիկոլայ Կոմյագինը

Բաժանորդագրվել

Ենթադրվում է, որ մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Կյանքից անժամանակ հեռացել է ռուսական Shortparis էլեկտրոնային խմբի մենակատար Նիկոլայ Կոմյագինը։ Այս մասին հայտնել է լրագրող Քսենիա ՍոբչակըTelegram–ի իր ալիքում։

«Տաղանդավոր, վառ, երիտասարդ և չափազանց ինքնատիպ։ Նա հիվանդ էր ռուսական մշակույթով, իրապես սիրում էր այն։ Մնում էր երկրում, թեև նրան արգելել էին համերգներ տալ», – գրել է նա։

Կոմյագինը 39 տարեկան էր։ Նրա ինքնազգացողությունը վատացել է բռնցքամարտի մարզումից հետո, և նրա սիրտը չի դիմացել։

Ավելի ուշ Shortparis խմբի մենեջեր Մարինա Կոսուխինան հաստատել է Կոմյագինի մահը։

«Նիկոլայն այլևս մեզ հետ չէ։ Խնդրում եմ լրագրողներին հարգանք ցուցաբերել և մոտ ժամանակներս մեզ չանհանգստացնել», – գրել է նա։

Shortparis խումբը ստեղծվել է 2012 թվականին, այն ժողովրդականություն է ձեռք բերել իր փորձարարական հնչողության և սադրիչ ելույթների շնորհիվ։ Կոմյագինը խմբի ղեկավարն էր, բացի այդ, նա մարմնավորել է Մայակովսկու դերը Դանիլա Կոզլովսկու «Կարամորա» ֆիլմում։

Կոմյագինը ծնվել է 1987 թվականին Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում։ Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել 2010 թվականին։ 2012 թվականից Shortparis խմբի վոկալիստն էր։ Խումբը աշխատում է պոստ-փանկ և ավանգարդ ռոք ժանրերում և հայտնի է իր գործիքավորումները դիտավորյալ ապաներդաշնակեցնելով, որպեսզի ունկնդրին անհարմար լինի լսելը։

Leave a comment