Ինչպե՞ս պաշտպանել ապրանքային նշանը

Ապրանքային նշանի պաշտպանությունը կարեւորագույն քայլ է ձեր բիզնեսը կեղծումներից եւ անառողջ մրցակցությունից զերծ պահելու համար։ Հայաստանում եւ միջազգային հարթակներում դա իրականացվում է իրավական որոշակի գործընթացների միջոցով։

Ապրանքային նշանի իրավական պահպանության, օգտագործման եւ գործողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (հոդվածներ 1171-1178) եւ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն:

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝ օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա, օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա, Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` միջազգային գրանցման հիման վրա, ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա:

Կարեւոր է նշել, որ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների վրա, որոնց համար գրանցվել է ապրանքային նշանը։

Եթե պլանավորում եք ձեր արտադրանքը ներկայացնել արտասահմանում, միայն ՀՀ-ում գրանցումը բավարար չէ։ Մադրիդյան համակարգը հնարավորություն է տալիս մեկ միասնական հայտի միջոցով պաշտպանել ձեր բրենդը ավելի քան 120 երկրներում։

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը եւ ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17): Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:

Խախտում հայտնաբերելիս առաջին քայլը պաշտոնական նախազգուշական նամակի ուղարկումն է՝ ապօրինի օգտագործումը դադարեցնելու պահանջով: Եթե պահանջը չի կատարվում, հաջորդ քայլը դատական կարգով իրավունքների պաշտպանությունն է:

Բիզնեսի կամ ապրանքային նշանի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ Ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment