Երեկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ փետրվարի 18-ին Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք, որի պատճառը Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցն է եղել։ ՀՎԿԱԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ վերջին ժամանակահատվածում Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում արձանագրվել են Չիկունգունիա տենդի բռնկումներ։ «Առողջ առավոտ»-ի նախկին հրապարակումներից մեկում մանրամասն անդրադարձել ենք այն ռիսկերին ու տարատեսակ հիվանդություններին, որոնք կարող են անակնկալի բերել մարդուն էկզոտիկ երկիրներ ճամփորդության մեկնելիս, այժմ ավելի մանրամասն կներկայացնենք, թե ի՞նչ հիվանդություն է Չիկունգունյա տենդն ու արդյո՞ք պետք է անհանգստանալ վերոհիշյալ երկրներ այցելելիս։
Ի՞նչ է չիկունգունյա տենդը
Սա վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակների միջոցով։ Անվանումը նշանակում է «կռացած քայլվածք» կամ «ծալված վիճակ», քանի որ վարակն առաջացնում է հոդային և մկանային ուժեղ ցավեր։ Եթե նախատեսում եք գնալ այն վայրեր, որտեղ այս տենդի բռնկումներ հաճախ են լինում, նախքան մեկնելը կարող եք ծանոթանալ տվյալ երկրում չիկունգունյա տենդի դեմ պատվաստվելու հնարավորությունների մասին։
Չիկունգունյան հազվադեպ է առաջացնում ծանր բարդություններ կամ մահ։ Ախտանշաններն են՝
- հանկարծակի բարձր ջերմություն,
- գլխացավ,
- հոդային և մկանային ցավեր,
- հոգնածություն,
- ցան,
- սրտխառնոց
- աչքերի կարմրություն։
Սովորաբար ախտանշաններն ի հայտ են գալիս վարակված մոծակի խայթոցից 2–7 օր անց։ Շատ մարդիկ լավանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն մյուսների մոտ հոդերի և մկանների ցավերը կարող են պահպանվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։
Բուժման նպատակն է թեթևացնել ախտանշանները՝ հանգստի, հեղուկների ընդունման և դեղերի միջոցով, օրինակ՝ ացետամինոֆեն (Թայլենոլ, Պարացետամոլ և այլն)։ Մի ընդունեք ասպիրին, իբուպրոֆեն կամ նապրոքսեն, մինչև չբացառվեն Չիկունգունյային նման ախտանշաններ ունեցող այլ վարակներ։
Շատ մարդիկ ամբողջությամբ ապաքինվում են 1–2 շաբաթվա ընթացքում։ Սակայն որոշ մարդկանց մոտ հոդերի և մկանների ցավերը կարող են պահպանվել ամիսներ կամ տարիներ։ Սա կոչվում է քրոնիկական չիկունգունյա արթրիտ և հանդիպում է վարակվածների առնվազն 40%-ի մոտ։ Երկարատև հոդային և մկանային ցավերի դեպքում կարող են օգնել ռևմատոիդ արթրիտի բուժման համար կիրառվող դեղերը, որոնք ընդունելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ։
Հիվանդությունից մահացությունը հազվադեպ է, սակայն որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ ծանր խնդիրներ։ Բարձր ռիսկի խմբում են տարեցները, բարձր ճնշում կամ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, փոքր երեխաներն ու հղիները, որոնց դեպքում վիրուսը կարող է փոխանցվել նորածնին։
Հիվանդության բարդությունները կարող են հանգեցնել աչքերի, սրտի և նյարդային համակարգի ծանր հիվանդությունների։ Մեկ անգամ վարակվելուց հետո մարդու մոտ իմունիտետ է ձևավորվում վարակի դեմ։ Եթե հիվանդ եք, կարևոր է խուսափել մոծակների խայթոցներից՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Որտե՞ղ է տարածված Չիկունգունյան
Այս վիրուսը սկզբում հանդիպում էր միայն Աֆրիկայում և Ասիայում, սակայն 2004 թվականից արագորեն տարածվել է շատ երկրներում՝ ընդգրկելով Ամերիկան, Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, ինչպես նաև Կարիբյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների կղզիները։
Ինչպե՞ս է փոխանցվում Չիկունգունյա վիրուսը
Մարդիկ վարակվում են, երբ նրանց խայթում է վիրուսով վարակված մոծակը։ Չիկունգունյան չի փոխանցվում մարդուց մարդ, սակայն մոծակները կարող են վարակվել՝ վարակված մարդուն խայթելով։ Եթե հիվանդ եք, կարևոր է խուսափել մոծակների խայթոցներից՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Ինչպե՞ս կանխել վարակը
Վարակման վտանգ ունեցող մարդիկ կարող են ընտրել պատվաստումը։ Եթե մեկնում եք չիկունգունյայի բռնկում ունեցող շրջան, կարևոր է պաշտպանվել մոծակների խայթոցներից։
Կանխարգելման նպատակով՝
- Օգտագործեք DEET կամ պիկարիդին պարունակող միջատասպաններ,
- Կրեք երկարաթև հագուստ և երկար տաբատ,
- Օգտագործել հակամիջատային ցանցեր, միջատավանիչ սարքեր։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ախտորոշման կամ բուժման հինք ծառայել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Mayo Clinic
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: