Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում. Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը՝ ի դեմս Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Աոկի Յուտակայի, ընդունելություն էր կազմակերպել՝ նվիրված Ճապոնիայի կայսեր ծննդյան 66-րդ տարեդարձին: Դեսպանը նշեց, որ Ճապոնիան և Հայաստանը միավորված են հիմնարար այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև միջազգային հանրության շրջանակներում խաղաղության, կայունության և բարգավաճման առաջխաղացմանը նվիրվածությունը։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, թեև երկու տարի է, ինչ ստանձնել է իր պաշտոնը, սակայն այդ ընթացքում համակարգել է բազմաթիվ նախագծերի ու նախաձեռնությունների իրականացումը, համագործակցել ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ։

Դեսպան Աոկի Յուտակայի ձևակերպմամբ՝ Հայաստանը գտնվում է պատմական առանձնահատուկ փուլում, ունի լուրջ քաղաքական և տնտեսական օրակարգ, ինչին Ճապոնիան պատրաստ է աջակցել։ Հավելեց, որ Հայաստանը պատմական փոփոխությունների է ենթարկվում՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հասնելու նպատակով, իսկ խոշոր փոփոխություններն իրենց հետ բերում են մարտահրավերներ։

Նա առանձնացրեց Հայաստանի և Ճապոնիայի գործընկերության 2 կարևոր կետ, որոնցից առաջինը ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության խթանումն է, երկրորդը՝ երկկողմանի էական և հստակ համագործակցության կայուն առաջընթացը։ «Ես խորապես համոզված եմ, որ փոխըմբռնումը և միմյանց խորը ճանաչողությունը կարևոր հիմք են հանդիսանում»,– ընդգծեց դեսպանը։

Ի թիվս այլնի, նա 2025 թվականը բնորոշեց որպես նշանակալից տարի, անդրադարձավ Ճապոնիայում անցկացված Օսակա-Կանսայի ցուցահանդեսին, որի ընթացքում հայկական տաղավարն ընդունել էր ավելի քան 1 միլիոն այցելու, Թումոյի կողմից կազմակերպված բացառիկ ցուցահանդեսին, Փաշինյանի պաշտոնական այցին իրենց երկիր։

«Ճապոնիայում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակային գրառման միջոցով ուշադրություն հրավիրեց Ճապոնիայում ծխելու համար նախատեսված տարածքների վրա։ Ուրախ եմ, որ նա հայ ժողովրդին ներկայացրեց ճապոնական քաղաքների մաքրությունն ու մարդկանց վարքը։ Անկեղծ ասած, որպես ծխող, ես Հայաստանն ավելի հարմարավետ եմ համարում, քան Ճապոնիան, և չեմ ուզում, որ իրավիճակը փոխվի»,– ժպտալով ասաց դեսպանը։

Նա փաստեց, որ Ճապոնիայի և Հայաստանի միջև համագործակցությունը խորը արմատներ ունի․ դրանք սկիզբ են առնում 1988-ից, երբ Ճապոնիան առաջին անգամ Սպիտակի երկրաշարժին արձագանքելու համար փորձագետների թիմ ուղարկեց։ Նա նաև հավելեց, որ 2011-ին Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո հայ ժողովուրդը աջակցություն ցուցաբերեց Ճապոնիային։

Դեսպան Յուտական նշեց նաև, որ Ճապոնիան, համագործակցելով ՄԱԶԾ-ի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ, 5,2 մլն դոլարի նոր նախաձեռնություն է սկսել՝ խթանելու տեղահանված անձանց ու ընդունող համայնքների դիմակայուն գյուղատնտեսությունը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment