«Դատարանի զուգարանի գարշահոտը կիլոմետրերից փչում է, և այդ նկուղում պահվում են կալանավորները, գտնվել է նաև Վարդան Ղուկասյանը»․ Զարուհի Փոստանջյան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այսպես ասած «կաշառքի գործով» դատաքննությունը, որով անցնում են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և գործարար Սևակ Գոմցյանը։

Գյումրու քաղաքապետը նախորդ նիստին չէր ներկայացել՝ պայմանավորված առողջական խնդիրներով, նա դիմում էր ներկայացրել, սակայն դատարանը նրա չներկայանալը համարել էր անհարգելի։

Նախորդ նիստին չէր մասնակցել նաև Վարդան Ղուկասյանի փաստաբաններից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը։

Այսօրվա դատական նիստը սկսվելուն պես Զարուհի Փոստանջյանն ասաց․ «Պատվարժան դատարան, Վարդան Ղուկասյանի առողջական խնդիրների հետ կապված հարցը դուք թեև քննարկում եք անցկացրել, բայց գտել եք, որ արժանահավատ չէ և ինչ-որ գրություն եք ընթերցել , որի մեջ որևէ բժշկի կողմից, որը գտնվել է այդ ժամանակ, միգուցե գտնվել է, ես այդպիսի բժիշկ չգիտեմ, Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում և գտել է, որ արժանահավատ չէ պարոն Ղուկասյանի դիմումը ձեզ առ այն, որ նա խնդիրներ ուն, ա յդ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին։

Եվ արժանահավատ եք համարել ինչ-որ գրություն ոստիկանների կողմից կազմված և ինչ-որ մի պաշտոնյայի կողմից ստորագրված։

Եվ դրանից հետո դուք որոշում եք կայացրել բերման ենթարկելու պարոն Ղուկասյանին և այդ գործողությունն ըստ էության կատարվել է, բայց չեք ապահովել դատական նիստերի բնականոն ընթացքը, ուղղակի պարոն Ղուկասյանը եկել է ստեղ՝ ոչ թե բերման ենթարկվելով, այլ կալանքի տակ գտնվող մարդուն հարկադրաբար դատարան ներկայացնելն էլ է աբսուրդային։

Այնուամենայնիվ դատարանի նկուղում ուղղակի հակահիգենիկ վիճակ է, ես չգիտեմ՝ դուք իջնո՞ւմ եք էնտեղ, չեք իջնում, լինու՞մ եք էնտեղ, չեք լինում, բայց զուգարանի գարշահոտը կիլոմետրերից փչում է, և այդ նկուղում պահվում են կալանավորները, այդ թվում և գտնվել է պարոն Ղուկասյանը։

Բերել են, հետո նորից հետ են ուղեկցել մեկուսարան։

Ծանոթանալով ձեր կողմից կատարած հայտարարությանն՝ այնպիսի տպավորություն եմ ստացել, որ դուք ցանկացել եք պատժել պարոն Ղուկասյանին, դրան էր ուղղված ձեր գործողությունները և որոշումը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment