Messenger-ը ապրիլից փոխում է ձևաչափը․ ինչ պետք է իմանան օգտատերերը

Վերջին օրերին շատ օգտատերեր ստանում են ծանուցում այն մասին, որ Messenger.com-ն այլևս հասանելի չի լինելու հաղորդագրություններ ուղարկելու համար։

Ծանուցումը մասնավորապես ունի հետևյալ բովանդակությունը․ «2026 թվականի ապրիլից messenger.com-ը այլևս հասանելի չի լինի հաղորդագրություններ ուղարկելու համար։ Messenger-ի աշխատասեղանի (desktop) հավելվածը նույնպես այլևս հասանելի չի լինի։ Վեբ տարբերակով հաղորդագրություններ ուղարկելու համար կարող եք օգտագործել facebook.com/messages հղումը։ messenger.com-ի դադարեցումից հետո, համակարգչով մուտք գործելիս դուք ավտոմատ կերպով կվերաուղղորդվեք դեպի facebook.com/messages՝ հաղորդագրությունների համար։ Դուք կարող եք շարունակել ձեր զրույցները այնտեղ կամ Messenger-ի բջջային հավելվածում։ Եթե ներկայումս օգտագործում եք Messenger-ը առանց Facebook հաշվի, կարող եք շարունակել ձեր զրույցները Messenger -ի բջջային հավելվածում»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում փոփոխության հետ կապված պարզաբանեց․ «Messenger-ն առաջ ու մինչև մոտակա ժամանակ ոչ միայն Ֆեյսբուքում է հասանելի, այլև ինքն ունի առանձնացված հնարավորություն՝ messenger.com-ից։ Որ մտնում ես messenger.com, դա քո մեսինջերն է՝ առանց Ֆեյսբուք օգտահաշվի։ Հիմա իրենք դա անջատում են»։

Հետաքրքրվեցինք՝ այսինքն այն մարդիկ, որոնք Ֆեյսբուքի հաշիվ չունեն, միայն messenger-ն են օգտագործում, հիմա չեն կարողանա՞ messenger-ով հաղորդագրություններ ուղարկել, կամ ինչպե՞ս պետք է դա անեն, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ֆեյսբուքի ուղարկած ծանուցման մեջ հղումով նշված է, թե ինչպես դա պետք է անել։ Համակարգչով հաղորդագրություններ ուղարկելու համար պետք է օգտագործել facebook.com/messages հարթակը։

Եթե չունեք Ֆեյսբուքի հաշիվ, կարող եք շարունակել օգտվել Messenger-ից միայն բջջային հավելվածի միջոցով։ Դրա համար պետք է ներբեռնել Messenger հավելվածը, գրանցվեք հեռախոսահամարով, հաստատեք SMS կոդով, սկսեք հաղորդագրություններ ուղարկել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment