Մկրտիչ Նահապետյանը դիմել է ոստիկանություն՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի 

Մկրտիչ Նահապետյանի փաստաբան Վարսիկ Հովսեփյանը երեկ, Աջափնյակի թեժ իրադարձություններից հետո, հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժանմունք, որ 15/14 հասցեի գույքը դատարանի որոշմամբ արգելանքի տակ է, և դատարանը քաղաքապետարանին պարտավորեցրել է քանդման աշխատանքներ չկատարել, բայց կոնկրետ այդ գույքից վեց մետրի չափով, առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու, քաղաքապետարանը քանդման աշխատանքներ է կատարել։ Ոստիկանությունը հաղորդումն ուղղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Հանցակազմն այն է, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պատշաճ չստանձնելու պայմաններում քաղաքապետարանը չի պահպանել, չի կատարել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Թե Հակակոռուպցիոն կոմիտեն ե՞րբ կարձագանքի՝ փաստաբանը դժվարանում է ասել, Հակակոռուպցիոն կոմիտեից նման տեղեկություն չեն փոխանցել, ողջամիտ ժամկետ սահմանված չէ, հարցն էլ զգայուն է։ Փաստաբանը չի կարծում, որ շատ արագ կլինի պատասխանը։

Հարցին՝ իսկ ակնկալիքը ո՞րն է, ենթադրվում է, որ քաղաքապետարանը պիտի քանդած մասը վերականգնի՞, փաստաբանը մանրամասնեց, որ քրեական վարույթով նման ակնկալիք չեն կարող ունենալ այս փուլում, երբ հանցագործության փաստը հաստատվի, գործը հասնի դատարան, այդ ժամանակ վնասի փոխհատուցման ակնկալիք կարող են ունենալ։

Հիշեցնենք, նախօրեին մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի Շինարարների փողոցում հողին հավասարեցվեցին երեք տասնյակ կրպակներ․ դրանք գործող էին։

Հողին հավասարեցվեց նաև Մկրտիչ Նահապետյանի խանութի մի մասը, որի համար Վարչական դատարանի երեկվա որոշմամբ քանդման արգելք էր սահմանվել: Վարչական դատարանը Երևանի քաղաքապետարանի դեմ բողոքն ընդունել է վարույթ, և մինչև գործի վերջնական քննությունն արգելել է քանդել Մկրտիչ Նահապետյանին պատկանող խանութը: Դատարանն ընդգծել է՝ սեփականության վկայականով 84 քառակուսի մետր մակերեսով խանութը պատկանում է Նահապետյանին, իսկ այն ինքնակամ կառույց համարելու ապացույցներ չկան։

«Մինչև դատարանի որոշումը որտեղ ունես՝ չենք կպնում, ինչը դատարանի որոշման մեջ չկա, ինքնակամ է, որը չի մտնում այդ վկայականի մեջ, դա ապամոնտաժվում է, մնացածը քանդում ենք հիմա», – հայտարարել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը: Ըստ նրա՝ խանութի 6 մետրը Նահապետյաններն ինքնակամ են ավելացրել:

Հարցին՝ դատարանի որոշումը կարդացե՞լ է, Աջափնյակի թաղապետը պատասխանել էր. «Անկեղծ ասած՝ ոչ, դա ինձ համար անհասկանալի է, ո՞նց կարա, ժողովուրդ ջան, սա հանրային գերակա շահ է, էն, ինչի վրա դատարանը դրել է արգելանք, որը անհասկանալի է ինձ համար, սա հանրային գերակա շահ է, ի՞նչ է նշանակում՝ արգելանք դրվի սրա վրա: Դա էս տվյալ շինությունները՝ և՛ տեղադիրքով, և՛ իրենց մակերեսներով, վերակառուցման արդյունքում տարիներ շարունակ չեն համապատասխանում այն շինությանը, որը իրենք վկայականով ցույց են տալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment