Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ:
Նստաշրջանում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Վերջին երկու ամիսների ընթացքում միջազգային հարաբերությունները ստացել են նոր գաղափարական ձևավորում: Դավոսում և Մյունխենի անվտանգության համաժողովում հնչած ելույթներն ու քննարկումները ազդարարեցին նոր պարադիգմայի ձևավորումը՝ անորոշությամբ և առճակատմամբ բնութագրվող:
Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը գործել է հենց այս առճակատման պարադիգմայի շրջանակում: Այսօր, սակայն, մեր տարածաշրջանը դարձել է այլ ուղի ընտրելու հազվադեպ օրինակ՝ խաղաղության և համագործակցության կառուցման ուղին: Այս ճանապարհը հեշտ չի եղել: Այն պահանջել է քաղաքական կամք, պատասխանատվություն և խիզախություն:
Ինչպես գիտեք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և անձնական ներգրավվածությամբ, ստորագրեցին խաղաղության հռչակագիր, որը փակեց թշնամանքի երկարատև մի էջ:
Անցած վեց ամիսներն աննախադեպ են եղել այն շոշափելի առաջընթացի առումով, որը Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են արձանագրել:
Հարգելի գործընկերներ, եթե մեկ տարի առաջ, լսելով հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները, որևէ մեկը առաջարկեր, որ մեկ տարվա ընթացքում մենք կքննարկենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, փոխադարձ առևտրի ընդլայնումը, տնտեսական համագործակցության զարգացումը և պաշտոնական ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, շատերը դա կդիտարկեին անիրատեսական:
Սակայն այսօր դրանք այլևս պարզապես ձգտումներ չեն. դրանք ընթացիկ գործընթացներ են:
Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանային խաղաղությունը պետք է հիմնված լինի համապարփակ անվտանգության վրա՝ լիովին համահունչ ԵԱՀԿ սկզբունքներին: Խաղաղությունը չի կարող սահմանափակվել միայն ուժի չկիրառմամբ: Այն պետք է ապահովի նաև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր ժողովուրդների արժանապատվության և անվտանգության հարգումը:
Վարչապետ Փաշինյանը բացահայտորեն խոսել է բարդ իրողությունների մասին և մեր հասարակությանը փոխանցել, որ խաղաղությունը պահանջում է խիզախություն: Այն պահանջում է քաղաքացիներին պատրաստել ոչ թե նոր էսկալացիայի, այլ համակեցության: Սա միշտ չէ, որ հեշտ ուղերձ է: Սակայն առաջնորդությունը պահանջում է պատասխանատվություն: Ավելի հեշտ է պահպանել թշնամանքը: Ավելի դժվար է ընտրել փոխզիջումը: Ավելի հեշտ է խոսել զգացմունքների լեզվով: Ավելի դժվար է խոսել երկարաժամկետ պատասխանատվության մասին:
Իսկական ուժը դրսևորվում է ոչ թե հակամարտությունը երկարաձգելու, այլ այն ավարտելու կարողությամբ:
Մեր ընկալմամբ խաղաղությունը խորհրդանշական փաստաթուղթ չէ: Այն տարածաշրջանային տրամաբանության փոխակերպում է: Այն ռազմավարական ընտրություն է»,- ասել է պատգամավորը:
ՀՀ Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: