Վտանգավոր սննդամթերք «Քարֆուր» և «Արզնի կաթնամթերք» արտադրամասերում – Azat TV

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերջին ստուգումների ընթացքում հայտնաբերել են վտանգավոր սննդամթերք «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») և «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասերում։ «Քարֆուր»-ի հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասում նմուշառում է կատարվել «Կրուասան կրեմով», «Դոնաթ նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Կրուասան կրեմով» նմուշում հայտնաբերվել են մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «S.aureus», իսկ «Դոնաթ նուտելայով» նմուշում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։

Նույն կերպ, «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի արտադրամասում ստուգման ժամանակ «Սեմյոնիչ» ապրանքանիշի կաթ պարունակող մթերքի նմուշում հայտնաբերվել է կաթնայուղի զանգվածային մասի ցուցանիշի խախտում, ինչը նույնպես համարվում է վտանգավոր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, իսկ տնտեսավարողներին հանձնարարել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրանքը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Leave a comment