Վստահ եմ, առաջիկայում Հայաստանում հարուցվելու է քրեական վարույթ՝ պետական դավաճանության հանգամանքերով, եւ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր որեւէ ձեւով աջակից են եղել գործող իշխանության գործողություններին, անցնելու են այդ քրեական վարույթով․ «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ, «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Այս գործը եւս պաշտպանական կողմը համարում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխանության ոտնձգությունների շղթայի մի մաս։
«Պաշտպանյալիս կալանավորելու շարժառիթը եղել է ինչպես քաղաքական գործընթացներից մեկուսացնելը, այնպես էլ՝ Հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգեւորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին լինի եկեղեցու դեմ արշավը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար, ըստ պաշտպանի, կա մեկ լուծում. «Վստահորիդս նկատմամբ խափանման միջոց չպետք է ընտրված լինի, քանի որ այս հետապնդումն ի սկզբանե եղել է ապօրինի՝ նշված շարժառիթներով։ Խափանման միջոցը չունի որեւէ իրավական հիմք, այն չպետք է գոյություն ունենա»։
Հովհաննես Խուդոյանը գտնում է, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն ունի որոշակի լիազորություններ, որով կկարողանա մեղմել այն ապօրինությունները, որոնք սկիզբ են առել 2025 թվականի մարտի 18-ից՝ քրեական վարույթը նախաձեռնելով, ապա հունիսի 25-ին մարդկանց ձերբակալելով ու մեղադրանքներ առաջադրելով․ «Դա բավականին դժվար որոշում է՝ հաշվի առնելով մեր այսօրվա իրողությունները, բայց դա միակ ճիշտ որոշումն է»։
Բագրատ սրբազանի պաշտպանները հայտարարեցին՝ այլընտրանքային խափանման միջոց չեն միջնորդում, քանի որ հասկանում են՝ խտրական արդարադատություն է իրականացվում։ Նաեւ պնդեցին՝ սրբազանը օղակ չի կրելու, գրավ չի վճարելու․ նա այս դահլիճից պետք է անհապաղ ազատ արձակվի։ Մյուս պաշտպանները համամիտ էին այս պնդման հետ, իսկ դատարանի դահլիճում նստածները ծափերով հաստատեցին պնդումը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ ասաց՝ համոզմունք ունի, որ դատավորը ներքին տառապանք ունի եւ դա նորմալ է, բայց պետք է կարողանա հաղթահարել այն եւ դադարեցնել թե իր, թե մյուսների տառապանքը։ Նա պատկերավոր ասաց՝ երբ Կարեն Ֆարխոյանը դատավոր դառնալու որոշում էր կայացնում, չէր էլ պատկերացնի, որ դառնալու է երեք սրբազանների՝ որոնց տեսնելիս պետք է ասեր՝ «Աստված օգնական», կալանավորողը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: