«Ամեն ինչ արվում է, որպեսզի հայ մարդն իր հայրենիքում, իր երկրում հարմարավետություն չզգա». հոգեբանը՝ Երեւանում երեկվա կրակոցների մասին

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով երեկ ողբերգական ելքով ավարտված փոխհրաձգությանը, հույս հայտնեց, որ դեպքի հետ կապված դեռ շատ բաներ կպարզվեն։ «Բայց ես ուրիշ կողմից եմ ուզում մոտենալ հարցին։ Եթե այսօր Հայաստանի քաղաքացին տեսնում է, որ արդարադատությունը չի աշխատում, մարդիկ սկսում են իրենք լուծել իրենց հարցերը։ Երբ մարդիկ հույսը չեն դնում պետության կարեւոր ֆունկցիաներից մեկի՝ արդարադատությունը, ներքին անվտանգությունն ապահովելու վրա, մտածում են՝ ես պիտի իմ հարցերը լուծեմ։ Ու սկսում են այդ «ռազբորկաների» մակարդակով հարցերը լուծվել։

Մենք տեսնում ենք, թե դատական համակարգում ինչ է կատարվում, ովքեր են այսօր դատվում։ Դատվում են ազգի նվիրյալները, պայքարող մարդիկ։ Եվ, իսկապես, վերջին տարիներին էնպիսի տպավորություն է, որ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ այլն, զբաղված են քննադատողներին բռնելով, զոհվածի ծնողներին անարգելով։ Այսինքն, փոխվել է այդ կերպարը։ Նայում ես մեր եկեղեցու հայրերին, նայում ես մեր ուժայիններին։ Ես մտածում եմ, որ այսօր հայ տղամարդու կերպարը պահում են մեր հոգեւոր հայրերը։

Որոշ ժամանակ առաջ մեզ պաշտոնապես ասացին, որ հանցագործությունների թիվը աճել է։ Իհարկե, դա վատ է երկրի համար, իհարկե, սա իշխանությունների համար պետք է մինուս համարել։ Բայց մեր պարագայում ինչ կատարվում է մեր երկրի, մեզ հետ, մենք պետք է նայենք մեկ այլ տեսանկյունից։ Այսինքն, ամեն ինչ արվում է, որպեսզի հայ մարդն իր հայրենիքում, իր երկրում հարմարավետություն չզգա։ Թաղել մարդկանց հոգսերի մեջ, սոցիալական վիճակի այսպիսի անկում, էլ չեմ ասում իրենցից եկող վիրավորանքները եւ այլն։ Երբ մարդը ինչ-որ մի տարածքում սկսում է զգալ, որ անվտանգ չէ, նորմալ ռեակցիան է՝ թողնեմ, դուրս գամ։

Ես տպավորություն ունեմ, որ նաեւ այս հանցագործությունների աճն իրենց առանձնապես չի հետաքրքրում։ Ենթադրում եմ, որ եթե անգամ հատուկ չի արվում, ձեռնտու է, որ այսօր Հայաստանի քաղաքացին ավելի հոգսաշատ լինի, անվտանգության բացակայությունն ավելի շատ զգա։

Մեր քթի տակ դեմոգրաֆիական վտանգն է։ Մենք չգիտենք, թե ովքեր են այսօր շրջում Հայաստանի փողոցներում։ Մենք չգիտենք՝ մեզ ինչ է սպասվում։ Եվ այսօր Հայաստանում ունենալ անապահով մթնոլորտ՝ ձեռնտու է իշխանություններին»,-ասաց հոգեբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment