Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-20-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ նախապատրաստելու ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովը և քննարկելու ռազմավարական գործընկերության նոր օրակարգը։ Այս մասին տեղեկանում են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից։
հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի նախաշեմին Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում արդեն իսկ գնահատել են համագործակցության առաջընթացը, որը հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա:
Բանակցությունների ընթացքում Հայաստանի կառավարության հետ հաստատվել է «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում իրականացվող բարեփոխումների և ներդրումների վերջնական փաթեթը: Սա ներառում է 202,5 մլն եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի հատկացումը, որի մասին հանձնակատար Կոսն առաջին անգամ հայտարարել էր դեռևս 2025-ի սեպտեմբերին կայացած այցի ժամանակ։
Քննարկումների առանցքում եղել են տրանսպորտային, էներգետիկ և թվային կապուղիները։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով այն համադրել միջտարածաշրջանային կապուղիների օրակարգի հետ։ Կողմերն ուրվագծել են առաջնահերթ ծրագրերը, որոնք պետք է խթանեն տնտեսական դիմակայունությունը, առևտուրը և տեղաշարժի նոր հնարավորությունները։
Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակաբար սատարելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ Առանձնակի ուշադրություն է դարձվելու առաջիկա ընտրական գործընթացների ամբողջականության և թափանցիկության պաշտպանությանը։
The post Մարթա Կոսը մարտի 19-20-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան appeared first on CIVILNET.