Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել Իրանում գտնվող լեհ քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը և զերծ մնալ այդ երկիր ուղևորություններից։ Այս մասին վարչապետը հայտարարությունն արել է հինգշաբթի օրը՝ Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի ֆոնին։
«Ես խնդրում եմ ձեզ անհապաղ լքել Իրանը և ոչ մի դեպքում չմեկնել այդ երկիր»,- ասել է վարչապետը՝ դիմելով այն լեհերին, որոնք արդեն գտնվում են տարածաշրջանում կամ պլանավորում են ճանապարհորդել։
Տուսկն ասել է, որ մտադիր չէ խուճապ սերմանել, սակայն «թեժ հակամարտության» հավանականությունը չափազանց բարձր է։ Նա ընդգծել է, որ տարհանումը կարող է այլևս հնարավոր չլինել առաջիկա ժամերին կամ օրերին։
Վարչապետը կոչ է արել բոլորին լուրջ վերաբերվել նախազգուշացմանը՝ նշելով, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, լեհական իշխանությունները չեն կարողանա երաշխավորել քաղաքացիների անվտանգ դուրս գալը երկրից։