Կհայտարարվի 5 միլիարդ դոլարի հավաքագրման մասին. Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ այսօր կկայանա Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի կնախագահի իր նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստը՝  Գազայի ապագայի վերաբերյալ չլուծված հարցերով, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։ Reuters-ը գրում է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալների զինաթափումը, վերակառուցման հիմնադրամի չափը և պատերազմից տուժած Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության հոսքը հիմնական հարցերից են, որոնք, հավանաբար, կփորձարկեն Խորհրդի արդյունավետությունն առաջիկա շաբաթներին և ամիսներին։

Թրամփը պետք է ելույթ ունենա Դոնալդ Ջ.Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ Վաշինգտոնում գտնվող կառույցում, որը վերջերս է վերանվանել իր անունով, և հայտարարի, որ մասնակից երկրները 5 միլիարդ դոլար են հավաքագրել վերակառուցման հիմնադրամի համար։ Ակնկալվում է, որ գումարը կլինի կանխավճար մի հիմնադրամի համար, որը, հավանաբար, կարիք կունենա ավելի շատ միլիարդների: 5 միլիարդ դոլարի մեջ, ինչպես Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան, նախատեսվում է ներառել 1,2 միլիարդ դոլար Վաշինգտոնի երկու արաբական դաշնակիցներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից և Քուվեյթից, յուրաքանչյուրը՝ 1,2 միլիարդ դոլար։

Թրամփի Խաղաղության խորհուրդը վիճահարույց է։ Այն ներառում է Իսրայելի, բայց ոչ Պաղեստինի ներկայացուցիչներին, և Թրամփի առաջարկը, որ Խորհուրդը կարող է, ի վերջո, լուծել Գազայից դուրս առկա խնդիրները, մտահոգություն է առաջացրել, որ այն կարող է խաթարել ՄԱԿ-ի դերը որպես գլոբալ դիվանագիտության և հակամարտությունների լուծման հիմնական հարթակ։

Ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Թրամփը նաև կհայտարարի, որ մի քանի երկրներ ծրագրում են հազարավոր զինվորների ուղարկել՝ մասնակցելու Գազայում խաղաղությունը պահպանելու համար նախատեսված Միջազգային կայունացման ուժերին։ ՀԱՄԱՍ-ի զինյալներին զինաթափելը, որպեսզի խաղաղապահները կարողանան սկսել իրենց առաքելությունը, մնում է լուրջ խոչընդոտ, և ուժերի տեղակայումը, ինչպես սպասվում է, չի սպասվում շաբաթներ կամ ամիսների ընթացքում։

«Մենք որևէ պատրանք չունենք ապառազմականացման հետ կապված մարտահրավերների վերաբերյալ, բայց մեզ ոգևորում են  միջնորդների կողմից ներկայացված զեկույցը»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցեն 47 երկրներից, ինչպես նաև Եվրամիությունից պատվիրակություններ: Ցանկում ընդգրկված են Իսրայելը և մի շարք երկրներ՝ Ալբանիայից մինչև Վիետնամ:
Այնուամենայնիվ, այն չի ներառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով Վաշինգտոնում են և նույնպես մասնակցելու են միջոցառմանը:

Խաղաղության խորհրդի անդամը, որը խոսել է անանունության պայմանով, Reuters-ին ասել է, որ Գազայի ծրագիրը բախվում է լուրջ խոչընդոտների: Անկլավում անվտանգության հաստատումը նախապայման է այլ ոլորտներում առաջընթացի համար, բայց ոստիկանական ուժերը ո՛չ պատրաստ են, ո՛չ էլ լիովին պատրաստված։ Պաշտոնյան հավելել է, որ չլուծված հիմնական հարցն այն է, թե ով կբանակցի ՀԱՄԱՍ-ի հետ: Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները կարող են դա անել ՀԱՄԱՍ-ի վրա ազդեցություն ունեցող երկրների հետ, մասնավորապես, Կատարի և Թուրքիայի, սակայն Իսրայելը խորապես կասկածամիտ է երկուսի հետ կապված էլ։

Մեկ այլ լուրջ խնդիր է օգնության հոսքը, որը պաշտոնյան որակել է որպես «աղետալի»։ Նույնիսկ եթե օգնությունը մեծանա, մնում է անհասկանալի, թե ով է բաշխելու այն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment