«Առավոտի» հարցերին պատասխանել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
-Բաքվում ընթացող կեղծ «դատավարությունների» շրջանակներում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտվել է ցմահ, կամ 20 տարվա ազատազրկման։ Փետրվարի 17-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւս դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։
-Սրանք քաղաքական գործընթացներ են, դատավարություններ չեն։ Ինչո՞ւ են մամուլով այդպես ակտիվ լուսաբանվում, արդյոք Ադրբեջանում կա՞ն այլ գործեր, որոնք այդպես ակտիվ լուսաբանվում են։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն այնքան ժողովրդավարական պետություն չէ, որ դատական նիստերն այդպես հրապարակային ընթանան, բայց հայ գերիների գործերով հրապարակային են ընթանում։ Սա փաստում է մեկ բանի մասին, այն է՝ այդ ուղերձն ուղղված է հայ ազգին։ Այդպիսով փորձում են անընդհատ հոգեբանական ճնշում գործադրել մեր պետության նկատմամբ։ Հայ գերիների այդ կեղծ «դատավարությունները» արտաքին քաղաքական գործիք են դարձրել միջազգային դիվանագիտության մեջ։
-Իսկ այսօր ի՞նչ հնարավորություններ կան այդ անձանց Հայաստան վերադարձնելու։
-Հայաստան վերադարձնելու հնարավորությունները կապված են նախ արտաքին քաղաքական օրակարգում նշված հարցի առկայության կամ բացակայության հետ։ Այս պահին ՀՀ արտաքին քաղաքականության որեւէ կետով այդ հարցը չի բարձրացվել, ուստի, այս պահին հնարավոր չէ եւ իրատեսական էլ չէ խոսել այդ անձանց վերադարձի մասին։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը հրապարակային նման պահանջ չի ներկայացնում, շատ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանն առանց միջազգային ճնշման կգնա նման քայլի եւ գերիներին կվերադարձնի։ Վերջերս էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լսեցինք, նա հայտարարում էր, թե նշված անձինք իբր «հանցագործներ են» եւ ավելի վատ «հանցագործներ են», քան երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դատապարտված անձինք, այսինքն՝ հայ գերիներին որակել է որպես «ռազմական հանցագործներ» եւ նույնացրել նրանց հետ։ Ալիեւը հայտարարեց, որ այդ անձանց ազատ արձակելու մասին խոսք լինել չի կարող։
-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան այս հարցում որեւէ դրական լուծման չհանգեցրե՞ց։
-ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցից հետո հայ հասարակությունում շրջանառվում էին խոսակցություններ, թե նա գնում է Ադրբեջան, հնարավոր է գերիների ազատ արձակման հարց բարձրացնի՝ որպես նշան այն բանի, որ ԱՄՆ միջնորդությամբ է հաշտության գործընթաց սկսվում։ Եվ ինձ թվում է, որ դրանից մի քանի օր հետո տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը փորձում էր հենց այդ ասեկոսեների պատասխանը տալ։ Նա նշեց, որ այդ անձանց վերադարձի հարց չկա եւ չի էլ կարող քննարկվել։
-Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե հայ գերիների վերադարձի ուղղությամբ անընդհատ աշխատանք են տանում։ Տեսանելի՞ է այդ աշխատանքը։
-Հայաստանի իշխանության կողմից ակտիվ աշխատանք տանելու հարցի պատասխանն էլ կա Իլհամ Ալիեւի հայտարարությունների մեջ։ Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեն՝ ասելով, թե ակտիվ աշխատանք է տարվում, եթե գերիները փաստացի գտնվում են Ադրբեջանում, եւ այդ երկրի ղեկավարն էլ հայտարարում է, որ նրանց բաց չի թողնելու։ Ուղղակի մենք գործ ունենք երեւույթի հետ, երբ անձի անձնական արժանապատվության չափորոշիչների նվազումն ազդում է ազգի, պետության արժանապատվության չափորոշիչների նվազման վրա։ Բանակցել մի պարագայում, երբ ունենք գերիներ, անթույլատրելի է։ Եվ այս «խաղաղության օրակարգի» գինն էլ մեր ռազմագերիներն ու Արցախից բռնի տեղահանված բնակչությունն են վճարելու, ինչպես նաեւ հայազգի բոլոր նահատակները։ Այդ զոհողությունների գնով են այսօր իրատեսական այդ «խաղաղության օրակարգի» շուրջ թեկուզ խոսույթի մակարդակով քննարկումները։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: