Մոսկվայի մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում (Բուտովսկայա գիծ) սարքավորումների պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Gazeta.ru-ն։ Գնացքների երթևեկությունն այժմ վերականգնվել է։ Հաղորդվում է, որ միջադեպի պատճառով ուղևորները ստիպված են եղել տեղափոխվել հարակից մետրոյի գծեր։
Ավելի վաղ Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել էր, որ մետրոպոլիտենի «Բուտովսկայա» գծի գնացքների երթևեկության ընդմիջումները ժամանակավորապես ավելացվել են՝ ենթակառուցվածքները ստուգելու նպատակով։
Ըստ ռուսական մամուլի՝ մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում «Ռուսիչ» գնացքի վագոններից մեկում ճայթյունի բարձր ձայն է լսվել, որն ականատեսները անմիջապես որպես պայթյուն են որակել։ Միջադեպն ուղեկցվել է ծխով, ինչը մետրոյի աշխատակիցներին ստիպել է մարդկանց տարհանել գնացքից և հարթակը ժամանակավորապես փակել մուտքի և ելքի համար։
Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչները պարզաբանել են իրավիճակը՝ մերժելով արտաքին ազդեցության մասին վարկածները։ Փորձագիտական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ բարձր ձայնն առաջացել է մետրոյի վագոնի էլեկտրական սարքավորումների լուրջ տեխնիկական անսարքությունից։
Մասնագետները բացատրել են, որ գնացքի ստուգման ժամանակ հայտնաբերվել է գնացքի էլեկտրամատակարարման համար պատասխանատու բաղադրիչների տեխնիկական անսարքություն, որն էլ առաջացրել է ճայթյունին բնորոշ ձայնը։
«Բուտովսկայա գծի երթևեկությունն ընթանում է ըստ ժամանակացույցի: Ուղևորների անվտանգությանը սպառնալիք չկա», – «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի մետրոյի մամուլի ծառայությունից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: