Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ․ «Հետք»

 2025-ին հրապարակված տվյալներով՝ անկախացումից ի վեր ամեն տարի քաղցկեղի նոր հայտնաբերվող դեպքերը երկու անգամ աճել են։ Նույն տվյալների համաձայն, Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ։ 

Հետքը գրում է, որ Առողջության և առողջապահության ինստիտուտի չարորակ նորագոյացությունների 2025-ի վիճակագրական տարեգրքում ներկայացված տվյալները փաստում են քաղցկեղի հիվանդացության և 2024-ի տարեվերջին հաշվառման մեջ գտնվող բուժառուների թվի շարունակական և մտահոգիչ աճի մասին։ 

Եթե մոտ 35 տարի առաջ՝ 1990-ի տարեվերջին, Հայաստանում հաշվառված է եղել ընդհանուր 20,929 բուժառու, ապա 2024-ին այս թիվը հասել է 70,961-ի՝ ավելանալով մոտ 3,3 անգամ։ Այս թիվը գրեթե հավասար է Կապան ու Հրազդան քաղաքների ողջ բնակչության թվին: 

Միջինացված ու ավելի հստակ տվյալներով, եթե 1990-ի տարեվերջին 100,000 մարդուց 588-ի մոտ կար քաղցկեղ, 2024-ի տարեվերջին այս թիվը հասել էր 2,306-ի։ Հիմնվելով այս տվյալների վրա՝ պարզում ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր 43-րդի մոտ կա քաղցկեղ։ 

Այս տվյալները վկայում են ինչպես հիվանդացության աճի մասին, այնպես էլ ախտորոշումից հետո բուժառուների ավելի երկար ապրելու, այսինքն՝ բժշկության առաջընթացի մասին։ 

Յուրաքանչյուր 50 րոպեն մեկ քաղցկեղի նոր դեպք է գրանցվում

Զգալի աճ է գրանցվել նաև կյանքում առաջին անգամ հաստատված քաղցկեղի դեպքերում։ Մինչև 2000-ը և 2000-ականների սկիզբը կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումների թիվը տատանվում էր 4500-5000-ի սահմանում։ 2024-ին նոր հաստատված դեպքերի քանակը մոտ երկու անգամ գերազանցել է այս թիվը՝ կազմելով 10,174։ Եթե 2024-ին քաղցկեղի նոր հայտնաբերված դեպքերի քանակը բաժանենք տարվա օրերի վրա, կստացվի՝ Հայաստանում օրական 28 մարդ իմանում է, որ քաղցկեղ ունի: Սա նաև նշանակում է, որ 2024-ին յուրաքանչյուր 50 րոպեն մեկ քաղցկեղի նոր դեպք է գրանցվել: 

Դրանից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023-ին նոր հայտնաբերված դեպքերի թիվը 8,327 էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում նոր հայտնաբերված դեպքերի թիվն աճել է շուրջ 22 տոկոսով։

Քանի որ տարիների ընթացքում ՀՀ բնակչության թիվը փոխվել է, հարաբերական ցուցանիշներն ավելի հստակ են խոսում հայտնաբերված նոր դեպքերի մասին։ 1990-ին 100,000 բնակչից նոր հայտնաբերված քաղցկեղ գրանցվել է 145 մարդու մոտ։ 35 տարի անց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, միաժամանակ հայտնաբերման հաճախականությունը մոտ երկու անգամ ավելացել է՝ հասնելով 335-ի։ 

2019-2020-ին նկատվել է ընդհանուր նոր հայտնաբերված քաղցկեղի դեպքերի նվազում՝ 7,908-ից իջնելով մինչև 6,934։ Սակայն 2021-ից հետո այդ թիվը սկսել է նորից աճել։

Տարիքին զուգահեռ, քաղցկեղի հայտնաբերման նոր դեպքերն ավելանում են: Հիվանդացության ցուցանիշները կտրուկ աճում են 45 տարեկանից հետո և հասնում են բարձրակետին 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ։ 2024-ին քաղցկեղի նոր հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի կեսը 65 և ավելի բարձր տարիքի մարդիկ են։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

The post Երևանում ամեն 35-րդ մարդ ունի քաղցկեղ․ «Հետք» appeared first on CIVILNET.

Leave a comment