Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտության։ Նա ընդգծել է, որ նոր պատերազմը տարածաշրջանին ոչ մի օգուտ չի բերի և միայն կխորացնի անորոշությունը։ Էրդողանը նշել է, որ իր դիրքորոշումը փոխանցել է բոլոր կողմերին՝ զգուշացնելով, որ ռազմական էսկալացիան կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։
Նա նաև տեղեկացրել է, որ բարձր մակարդակով կապի մեջ է ինչպես Իրանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ՝ երկու երկրների միջև լարվածության հարցով։ Էրդողանը հույս է հայտնել, որ դիվանագիտության դուռը բաց է և հնարավոր է գտնել խաղաղ լուծումներ։ Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար։
Անդրադառնալով Գազայի Խաղաղության խորհրդին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կմասնակցի խորհրդի առաջին նիստին․ խորհրդում Թուրքիան կներկայացնի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա ընդգծել է, որ Գազայի հարցը մարդկության խղճի փորձությունն է և անհրաժեշտ է հրադադարը դարձնել մշտական, ինչպես նաև մարդասիրական օգնությունը հասցնել առանց ընդհատումների։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը։