Քաղաքականություն
18.02.2026 | 19:30
Երևանի Նորագյուղ թաղամասի բնակիչների մոտ իրենց բնակարանների ճակատագրի հետ կապված բազմաթիվ հարցեր ունեն։ Նրանք համացանցից են իմացել, որ իրենց տները շուտով հողին են հավասարեցվելու, փոխարենը մինչև 70 հարկանի երկնաքերներ են կառուցվելու։
Կառավարությունը հունվարի 29-ին որոշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին արտոնել՝ Նորագյուղի տները պետության անունից օտարելու գործընթաց սկսել։
Շուրջ 84 հեկտարի վրա նախատեսվում է հիմնել «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Տարածքում նախատեսվում է 155 շենք կառուցել 65 հազար բնակչի համար։ Ենթադրվում է, որ գործընթացը 10 տարի կտևի և դրանով կլուծվի նաև Նորագյուղի հողաշեն տներում ապրողների խնդիրը՝ ասել էր Ավինյանը։
Factor TV-ին հանդիպած նորագյուղցիների մի մասը դեմ է, որ իրենց տները քանդվեն, իսկ կողմ արտահայտվողները դեռևս չպարզաբանված հարցեր ունեն իրենց տրվելիք փոխհատուցումների վերաբերյալ։
Նորագյուղիներն ասում են, որ թաղամասը քանդելու և փոխհատուցման չափի շուրջ բանակցելու հարցում ոչ ոք իրենց չի այցելել ու որևէ քննարկում չի կազմակերպվել։ Ու թեև բնակիչների հետ հանդիպում չի եղել, սակայն Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում հայտարարել էր, որ կտրամադրվի փոխհատուցում բնակարանների շուկայական արժեքի և հավելյալ 30 տոկոսի չափով։
Անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալությունների հրապարակումների համաձայն՝ Նորագյուղում այս պահին տների մեկ քառակուսի մետրի արժեքը տատանվում է 480-ից 800 հազար դրամի սահմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան