Անիմաստ ծախս թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական հարթակներում տարածվել էր պնդում, թե Վալենտինի օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի բյուջեի հաշվին իր մտերիմներին գործուղել է Ֆրանսիա՝ մասնակցելու «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին՝ այն ներկայացնելով որպես «քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակում»։

Ըստ նույն տեղեկության՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարիա Աղաջանովան և քաղաքապետի խորհրդական Արփենիկ Մուրադյանը պետք է փետրվարի 13-15-ը գործուղվեին Նիցցա։ Նշվում էր, որ գործուղման ծախսերը հոգում է Երևանի բյուջեն, բացառությամբ գիշերակացի։ Հրապարակումների մեջ մեծապես հարցականի տակ է դրվում այցի նպատակահարմարությունն ու հանրային շահը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ պարզելու միջոցառման մանրամասները և ստանալու միջոցառման մասնակցության համար ֆինանսական ծախսերի մասին պարզաբանումներ։

Քաղաքապետարանի պատասխանը FIP.am-ին

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժինը, ի պատասխան FIP.am-ի հարցման, տեղեկացնում է, որ Երևանը և Նիցցան քույր քաղաքներ են 2007 թվականից, և համագործակցությունն իրականացվում է առողջապահության ու բնապահպանության ոլորտներում։

Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ «Կեցցե՛ թագուհին» կարգախոսով դիմակահանդեսը Նիցցայի «Քաղաքի օրվան» նվիրված «կարևոր մշակութային միջոցառում է», որի շրջանակում պաշտոնական հրավերներ են ուղարկվել քաղաքի բոլոր քույր և գործընկեր քաղաքներին, այդ թվում՝ Երևանին։ Այցը նախատեսված է եղել փետրվարի 13-15-ը։

Պաշտոնական հրավերը։

Գործուղումն իրականացվել է Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 30-ի N 539-Ա և փետրվարի 11-ի N 728-Ա որոշումների հիման վրա։

Արտապատկերումը՝ Երևանի քաղաքապետարանի պատասխանից

Որքա՞ն է կազմել ծախսը

Քաղաքապետարանի տրամադրած տվյալներով՝ ծախսերը կատարվել են Երևանի 2026 թվականի բյուջեով նախատեսված արտասահմանյան գործուղումների շրջանակում։ Գիշերակացի ծախսերը հոգացել է հրավիրող կողմը։ Օրապահիկը սահմանվել է ՀՀ կառավարության N 2335-Ն որոշմամբ՝ մեկ օրվա համար 127 եվրո։ Երեք օրվա համար երկու անձի օրապահիկը կազմել է 339 852 դրամ։ Երկու էկոնոմ դասի ավիատոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 380 674 դրամ։ Ընդհանուր ծախսը կազմել է 720 526 դրամ։

Քաղաքապետարանը նաև հայտնում է, որ այցի շրջանակում նախատեսվել են այցելություններ քաղաքային աղմուկի մոնիթորինգի դիտակետ, արտաքին լուսավորության և ձևավորման կենտրոններ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ՝ ընթացիկ ծրագրերի քննարկման նպատակով։

Այսպիսով, հրապարակումներում առկա է փաստական հիմք այն մասով, որ գործուղումը իրականացվել է Երևանի բյուջեի միջոցներով (բացառությամբ գիշերակացի), և մասնակցությունը նախատեսված է եղել Նիցցայի մշակութային միջոցառմանը։

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանի ներկայացմամբ՝ այցը կատարվել է քույր քաղաքների համագործակցության շրջանակում և ներառել է աշխատանքային բաղադրիչ, հետևաբար «Էլիտար ժամանցի» մասին պնդումը պաշտոնական փաստաթղթերով չի հիմնավորվում։

Գործուղման նպատակահարմարության հարցը մնում է հանրային քննարկման տիրույթում՝ կախված այն հանգամանքից, թե այդ այցը ինչ գործնական արդյունքներ կարձանագրի Երևանի համար։

The post Անիմաստ ծախս թե՞ քաղաքային դիվանագիտություն․ որքան է արժեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների այցը Նիցցա appeared first on FIP.AM.

Leave a comment