Ինտելեկտուալների համահայկական հարթակի ղեկավարն «ինտելեկտուալ հայրենադարձության» եւ ուղեղների ներհոսքի նոր բանաձեւ է առաջարկում։
Սփյուռքում ապրող շատ հայ մասնագետներ հաճախ մեկուսացված են միմյանցից։ Աշխարհի լավագույն համալսարաններում եւ ընկերություններում ունենք ճանաչված, փայլուն հայեր, որոնք իրար չեն ճանաչում։ Հայկական ներուժը ցրված է եւ չունի միասնական հարթակ, որտեղ Լոս Անջելեսի տնտեսագետը, Լոնդոնի բժիշկը, Երեւանի ծրագրավորողը կամ դասախոսը կհանդիպեն մեկ ընդհանուր նախագծի շուրջ։
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնում Ինտելեկտուալների համահայկական հարթակի (Pan-Armenian Intellectuals Platform) հիմնադիր-ղեկավար Գեւորգ Մանուկյանը։ Գեւորգը մասնագիտությամբ իրավաբան է։ Ներկայում հանդիսանում է Լոս Անջելեսի մարզի գործադիր համակարգի աշխատակից, զուգահեռաբար կյանքի մարզիչ է (Life Coach)։ Իրականացնում է մարզում-դասընթացներ՝ ուղղված անձի անհատական վերելքին։ Երկար տարիներ բնակվելով ԱՄՆ-ում, պարոն Մանուկյանը եկել է այն համոզման, որ Սփյուռքում, նույնիսկ մեծաթիվ հայերով բնակեցված Լոս Անջելեսում, հայաշատ լինելը դեռ երաշխիք չէ ձուլման դեմ եւ Լոս Անջելեսի պես միջավայրերում ձուլումը ոչ թե ֆիզիկական է, այլ ինտելեկտուալ եւ հոգեբանական։
Ստեղծելով ինտելեկտուալների հարթակը, Գեւորգ Մանուկյանն առաջարկում է մեկուսացումից դեպի համագործակցություն, էմոցիոնալ կապից՝ գործնական արժեք։ Մեր զրուցակիցը գտնում է, որ Սփյուռքի՝ հայրենիքի հետ կապը չպետք է սահմանափակվի միայն բարեգործությամբ կամ զբոսաշրջությամբ։ Նա, Ինտելեկտուալների համահայկական հարթակի միջոցով առաջարկում է «ինտելեկտուալ հայրենադարձություն»։ Այսինքն՝ առցանց հարթակին միացած գիտնականը, գործարարը, բժիշկը, արվեստագետը, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում եւ նաեւ Հայաստանում կարողանան համագործակցել, ունենալ փորձի փոխանակում, պահպանել ազգային ինքնությունը, ներդնել իրենց ինտելեկտուալ կապիտալը հայրենիքի եւ Սփյուռքի կոնկրետ նախագծերում եւ այլն։
Պարոն Մանուկյանի խոսքով, այս կարճ ժամանակահատվածում ինտելեկտուալների հարթակին արդեն իսկ միացել են ԱՄՆ-ի, Լիբանանի, Գերմանիայի, Հայաստանի, Սիրիայի, Հալեպի, Կանադայի եւ ծագումով արցախցի մեր հայրենակիցները, որոնք տարբեր ոլորտներում կայացած մասնագետներ են՝ բժիշկներ, իրավաբաններ, հոգեբաններ, ֆիզիկոսներ, գիտնականներ, արվեստագետներ։
Օրերս էլ համագործակցության հուշագիր կնքվեց Կալիֆոռնիայի հայաշատ քաղաքներից մեկի՝ Բըրբանքում գործող «Armenian Business Corner Culture Palace»-ի եւ «Sahak Yan Art Gallery»-ի գեղարվեստական ղեկավար Սահակ Սահակյանի եւ «Pan-Armenian Intellectuals Platform»-ի հիմնադիր Գեւորգ Մանուկյանի միջեւ։ Կողմերը կնպաստեն Կալիֆոռնիայի եւ Լոս Անջելեսի հայ համայնքում կրթական, մշակույթի եւ արվեստի ոլորտների զարգացմանը։ Ներկա արվեստագետները, որոնց մեկտեղել էր Սահակ Սահակյանը, նույնպես կարեւոր համարեցին հարթակի գոյությունը։
Հայտնի գեղանկարիչ Հովիկ Քոչինյանը, որը երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ մտահոգված էր երիտասարդների ճակատագրով օտար ափերում։ Նրա խոսքով, իրենց երեխաները, թոռներն, ապրելով երկմշակույթի մեջ, աստիճանաբար կորցնում են ազգային դիմագիծը, երեխաներն ընտանիքներում արդեն իսկ ունեն տարաձայնություններ, չհասկացվածություն, միմյանց հետ շփման պակաս, ինչն արդեն իսկ դեմոգրֆիական խնդիրներ է առաջացնում։ Եվ չկա որեւէ վայր, հարթակ, որտեղ այս խնդրով անհանգստացածները կմիավորվեն, փորձի փոխանակում կանեն, լուծումներ կփնտրեն ու կգտնեն։
Գեղանկարչի խոսքով, մի կողմից հայ երիտասարդների համար ամերիկյան մշակույթը նրա ապագան է, կարիերան եւ հաջողությունը, իսկ հայկականը՝ ընտանիքը, ավանդույթներն ու անցյալը։ Եվ այս մշակութային երկփեղկվածության լուծումն ընտանիքները սեփական ուժերով չեն կարողանում գտնել։ Անվանի գեղանկարիչը հույս հայտնեց, որ Ինտելեկտուալների համահայկական հարթակը երիտասարդներին էլ կներգրավի այդ ինտելեկտուալ միջավայրում, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան մասնագիտական խորհրդատվություններ ստանալ, հանդիպել միմյանց հետ ու փորձի փոխանակում անել, ծանոթանալ խելացի, բանիմաց ու կյանքի փորձություններով անցած ու հաջողությունների հասած մեր հայրենակիցների հետ, որոնք անգամ օտար երկրում ապրելով՝ պահպանել են ազգային ինքնությունը։
Գեւորգ Մանուկյանն ասում է՝ ինքն էլ ԱՄՆ-ում մեծացող երեխաներ ունի եւ շատ լավ պատկերացնում է բոլոր այն խնդիրները, որոնց այսօր բախվում են սփյուռքում ապրող հայ ընտանիքները։ Ասում է՝ մարդիկ տեսնում են, որ կուշտ լինելը եւ նյութական աշխարհը երջանկություն չի բերում իրենց ընտանիքներին։
Նրա խոսքով, հարթակի նպատակներից մեկն էլ երիտասարդ սփյուռքահայերի ինտելեկտուալ կապիտալը հայտնաբերելն ու նրանց մեկ հարթակում միավորելն է. «Նրանցից կարող ենք վերցնել արեւմտյան արժեքները եւ տեղայնացնել հայկական մշակույթում, մենթալիտետում։ Ինչո՞ւ ոչ, մենք էլ զարգանանք այդ արեւմտյան գիտելիքներով եւ արժեքներով, եւ եթե հասկանանք, որ ելնելով գլոբալիստական աշխարհի քարոզից կամ քաղաքականությունից՝ դրանք վնասում են մեր ինքնությանը, ազգային նկարագրին, փորձենք որեւէ պաշտպանական շերտեր մշակել, որպեսզի այդ խելացի, իմաստուն երիտասարդները հասկանան` խնդիրն ինչումն է եւ փորձեն այն գեղեցիկ ձեւով շրջանցել։ Պարտադիր չէ դրա միջով անցնեն՝ նոր հասկանան, որ վնաս է։ Մեր խնդիրը նաեւ կանխարգելելն է։ Մենք հարթակում տալիս ենք կրթություն եւ փորձում ենք գիտելիքների եւ շփման միջոցով տալ կանխարգելիչ գործառույթներ, որպեսզի նախօրոք մարդկանց պատրաստենք ժամանակակից աշխարհի վտանգներին»։ Գեւորգ Մանուկյանի խոսքով, տարբեր երկրներից, երբ մարդիկ արտագաղթում են Միացյալ Նահանգներ, նրանք Ամերիկայի շքեղ կյանքն աչքի առաջ ունենալով, երբեք չեն մտածում դրանից բխող վտանգների ու հետեւանքների մասին։ Այդ պատճառով էլ այստեղ իրենք ընտանեկան մեծ խնդիրների են բախվում՝ երեխաները՝ դպրոցում, ամուսիններն՝ ընտանիքում եւ բոլորը միասին՝ հասարակության մեջ. «Ավանդական ընտանեկան արժեքները բախվում են նոր իրականության հետ եւ դա ներքին մեծ կռիվ է առաջացնում մարդկանց մեջ՝ արդյոք նորը ընդունեն-չընդունեն, եթե չընդունեն, հնով ո՞նց ապրեն, նորն ընդունելով՝ իրենց եսն ու ինքնությունն են վտանգում, կորցնում։ Եվ սկսում է տագնապներ՝ նոր եսս արդյո՞ք ընդունելի կլինի իմ այն շրջապատին, որտեղ մեծացել եմ, ապրել եմ։ Եվ մարդկանց մոտ հոգեբանական բազում խնդիրներ են առաջանում այդ ամենի պատճառով եւ, քանի որ կյանքն արագ է զարգանում, մարդիկ ստիպված են անտեսել իրենց անձնական շահերը եւ գնալ ընդհանուրի հետեւից եւ հենց այդտեղ իրականանում է գլոբալիստական աշխարհի նպատակը՝ մարդը կտրվում է իր արմատներից, իր իրական տեսակից եւ դառնում է ժամանակի մարդ։ Այդ ժամանակն ինչ արժեհամակարգ քարոզի, նա դրա նման էլ կլինի, բայց քանի որ մեր հայ ազգը մի քիչ առաքելություն ունի, որ ինքը միշտ պահպանողական ինչ-որ դրվածք ունի, որը մեզ միշտ փրկել է, եւ դա է եղել մեր ազգապահպանության հիմքը, մենք ուզում ենք, որ նորամուծություններով հանդերձ, ամեն դեպքում, փորձենք ժամանակակից դարձնենք, բարելավենք մեր հին, ավանդական մտածելակերպը։ Այսինքն՝ մեր հայկականությունը պետք է համապատասխանեցնենք այն երկրների տիրող իրավիճակին՝ մտավոր եւ բարոյական արժեհամակարգին, որտեղ որ ապրում ենք։ Եվ, եթե մեր տեսակն ու հայկականությունն ընդգծելով անենք, դա ավելի մեծ պատիվ ու վարկանիշ մեզ կբերի։ Շառլ Ազնավուրը ֆրանսահայ է, բայց ինքը նաեւ լրացուցիչ որակներ ուներ, որ սովորական ֆրանսիացին չուներ։ Կամ՝ Քըրքորյանն ամերիկահայ էր, բայց ինքը ինչ-որ մտածելակերպ ուներ, որ սովորական, միջին վիճակագրական ամերիկացին չունի»։
Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն ԱՄՆ-ում մի քանի տարի բնակվելուց հետո Հայաստան է վերադարձել, գործի բերումով ԱՄՆ-ում էր։ Նա, ի թիվս այլ հայտնի արվեստագետների, նույնպես մասնակցում էր արվեստագետների եւ ինտելեկտուալների հավաքին։ «Առավոտի» հետ զրույցում Ն. Աղաբաբյանն ասաց, որ լուրջ անելիքներ ունենք, որպեսզի Սփյուռք-Հայաստան կապը չկորցնենք։ Եվ հենց այդ պատճառով էլ Ինտելեկտուալների համահայկական հարթակը խիստ անհրաժեշտություն է. «Հալեպը մեր ամենամեծ եւ ամենակազմակերպված համայնքն էր, բայց, դժբախտաբար, այդ համայնքն այսօր ոչնչացվեց, որպես այդպիսին՝ հավաքական համայնք, մնացել է Լոս Անջելեսի, մասնավորապես՝ Գլենդելի հայկական համայնքը։ Սակայն, այն անտերության է մատնված՝ բառիս ուղղակի իմաստով եւ երկիրն էլ նպաստում է դրան, քանի որ նյութի երկիր է, բոլորը բիզնեսով են զբաղված եւ հոգեւոր, ազգային արժեքներն առանձնապես չեն արժեւորվում՝ ինչպես մեր երկրում կարող էր լինել։ Օտարության մեջ են, այդտեղ էլ պետք է կարողանան նամուսով ապրել։ Իսկ հնարավորության պարագայում նաեւ օգտակար լինեն հայրենիքին։ Որովհետեւ, մեզնից յուրաքանչյուրը հաստատ նույն երազանքն ունի հայրենիքի եւ վերադարձի հետ կապված ու որպեսզի վերադարձը կայանա եւ վերադարձը լինի լիարժեք, պետք է դրա համար ամեն ինչ անենք»։
Ինչպես տեղեկացանք Գեւորգ Մանուկյանից, ներկայում աշխատանքները կատարվում են տարբեր երկրների մասնակիցների միջեւ առցանց՝ «զում» հարթակի միջոցով, որտեղ, խոսվում է կարեւոր թեմաների մասին՝ որ երկրում հայկական ընտանիքներն ինչպիսի խնդիրների են բախվում. «Հարթակը հենց նրա համար է, որ այստեղ մարդիկ ինքնադրսեւորվեն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր ասելիքը, մտահոգությունը կամ խորհուրդն ու խրատը տա եւ նույնիսկ Հայաստանից էլ հրավիրում ենք մասնագետներ, որպեսզի որոշակի դասախոսություններ, դասընթացներ անցկացնեն, որից որ օգտակար խորհուրդներ են վերցնում սփյուռքի մեր հայրենակիցները»։
Հարթակի հեռահար նպատակ է՝ ստեղծել հայկական ինտելեկտուալ ցանց, որը կջնջի աշխարհագրական սահմանները սփյուռքի եւ հայրենիքի միջեւ։ Եվ յուրաքանչյուր մասնագետ հնարավորություն կստանա իր ներդրումն ունենալ հայկական օրակարգում՝ անկախ բնակության վայրից։
«Մեր երիտասարդներն էլ այս հարթակում հնարավորություն կունենան գտնել հայտնի հայ խորհրդատուների, ուղղորդողների, որոնք պահպանելով իրենց ծագումը, հայկականությունը հասել են մասնագիտական բարձունքների։ Հարթակը նրանց կմատուցի հայկականության լավագույն տեսակը՝ կրթված, առաջադեմ եւ հարգված»,-ասաց Գեւորգ Մանուկյանը։ Նա հայտնեց, որ օրերս էլ հարթակին է միացել ջութակահարուհի, նկարչուհի Մանան Գարուկյանը, որն իր շուրջն է համախմբել մի քանի այլ գեղանկարիչների եւ երաժիշտների։ Մ. Գարուկյանը նշանակվել է Ինտելեկտուալների համահայկական հարթակի Հայաստանի մասնաճյուղի արվեստի եւ մշակույթի հարցերով հանձնակատար։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կալիֆոռնիա
Գլխավոր լուսանկարում՝ Գեւորգ Մանուկյանը արվեստագետներին՝ հարթակի մասին
«Առավոտ» օրաթերթ
17.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: