Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երեւանում մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով 2025–ի սեպտեմբերի 19-ին Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանին հատկացնել €6 միլիոն: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաեւ €39 միլիոն վարկային միջոցների հատկացում։
Նշվում է, որ վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերի ֆինանսական միջոցներում ներառ¬ված չէ ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը, որը կկազմի €9 միլիոն, որից՝ €7.8 միլիոնը վարկային միջոցների գծով, իսկ €1.2 միլիոնը՝ դրամաշնորհային միջոցների գծով:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն եւ ՊԵԿ վարչական շենք:
ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացներն իրականացվում են մեկ վայրում: Այս կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները եւ մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման եւ արտահանման համար անհրաժեշտ թույլատվական փաստա¬թղթեր։