Անձնական ու հավաքական շահերը զիրար չեն հակասում, այլ` ամբողջացնում են
Հեռախոսի զանգը մեղմ ու անկեղծ մի ձայն էր, լի հոգատարությամբ, սակայն այն գաղափարները, որոնք նա փորձում էր առաջ մղել, այն չէին, ինչ ես կցանկանայի լսել։ Թեեւ մղումները բարի էին ու լավագույն մտադրությամբ, սակայն եթե շեշտը հարազատ էր ու ջերմ, գաղափարները հարազատ չէին, այլ խորթ, խորթ, մեր երկուսի հայրենասիրական ոգուն եւ սկզբունքներին։ Եվ եթե անկեղծ ու բարի մարդիկ փորձում են քեզ համոզել, ժխտել ձեր միասնական ազգային համոզմունքը, ուրեմն մեր ազգային ոգու կրած վերջին վնասներն ավելի խորն են ու լուրջ, եւ մանավանդ, ավելի մտահոգիչ ու ասեմ նաեւ՝ ավելի վրդովեցնող, քան եթե դրանք արտահայտվեին մի պատեհապաշտ ապազգայինի կողմից:
«Պետիկ, ականջիդ օղ արա։ Փաշինյանը չի հեռանալու, մտքիցդ հանիր։ Նորից ընտրություններ են, էլի է շահելու։ Նրա թիկունքն հիմա շատ ուժեղ է, «ղոս ղոճաման» («ահավոր հսկայ») Թուրքիան նրա թիկունքին է կանգնած։ Գնա, կյանքդ վայելիր, աղջիկներիդ մասին մտածիր ու նրանցով զբաղվիր»։
Հայ հանրություն, հայրենակիցներ, ընկերներ ու հարազատներ, այն, ինչ հիմա կասեմ, չպետք է ընկալվի կամ դիտվի որպես խոստովանություն։ Ես երբեք չեմ հավակնել կամ ձեւացրել, թե այնպիսի ազգայնական ու հայրենասեր հայ եմ, որը ողողված է բացառապես ազգային զգացումներով։ Ես երբեք կեղծավոր չեմ եղել, սակայն մարդիկ ինձ սխալ են հասկացել, կարծելով, թե ես կամ կեղծ հայրենասեր եմ, կամ էլ մի այնպիսի ռոմանտիկ ու էմոցիոնալ մարդ, որը շնչում է հայ ազգայնականությամբ օրը 24 ժամ։ Ոչ այդպիսին եմ եղել, եւ ոչ էլ երբեւէ փորձել եմ նման տպավորություն ստեղծել։
Կարծում էի, թե մարդիկ կըմբռնեն ակնհայտ պարզ իրավիճակը եւ խորը վերլուծությունների կարիք չկա, ըմբռնելու, հասկանալու շատ ոչ բարդ իրականությունը:
Ես շատ ավելի իրատես եմ, քան նրանք, ովքեր այսօր դասվում են «իմաստունների, իրատեսների, պրագմատիկների ու գործնականների» շարքին, որովհետեւ այն, ինչ ես անում եմ, հիմնված է իմ, իմ ընտանիքի, հայրենիքիս եւ ազգային ինքնությանս ինքնապաշտպանության մղման վրա։ Ես իմ ուսերին եմ կրում, ինչպես ակնհայտորեն փոքրաթիվ մի խումբ, հավաքական պաշտպանության գիտակցության գաղափարներն առաջ մղելու առաքելությունը։ Այս մոտեցման մեջ չկա ոչ մի «բարձրագույն ազնվականություն» եւ ոչ էլ հուզական-ռոմանտիկ բնավորության արտացոլում։
Եվ եթե ներկայիս կառավարությունն իրոք վայելում է Թուրքիայի աջակցությունը (մի բան, որը ես չեմ պնդում, քանի որ չունեմ բոլոր տվյալները), դա երբեք չպետք է պատճառ դառնա նահանջելու համար։ Ընդհակառակը, դա պետք է ինձ խթանի լինել ավելի համառ ու տոկուն։ Սա չի կարող ընկալվել որպես այլ բան, քան գոյատեւման բնազդ։
Մի՞թե կարծում եք, թե ես ավելի լավ զբաղմունք չունեմ, քան քաղաքականություն քննարկելը։ Թույլ տվեք ասել, որ քաղաքականությունն իմ միակ կրքոտ հետաքրքրությունը չէ. ես ունեմ այլ նախասիրություններ ու հոբիներ։ Իմ իրական, թիվ մեկ հետաքրքրությունը նույնիսկ քաղաքականությունը չէ, այլ ծրագրավորումը, իսկ հոբիներս բազմազան են, երաժշտությունից մինչեւ սպորտ։ Ես այնքան հաճախ եմ երազել, որ նախ Լիբանանը, ապա Հայաստանը լինեն կայուն երկրներ, որպեսզի ես կարողանամ կենտրոնանալ այլ ուղղությունների վրա։
Բայց հենց քաղաքականությունը դարձավ իմ կողմնացույցը։ Ես գիտեի, որ Լիբանանը կործանվելու է։ Մի՞թե ես երբեւէ պնդել եմ, թե Հայաստան եմ եկել բացառապես հայրենասիրական մղումներով։ Երբեք նման բան չեմ ասել, որովհետեւ քաղաքականության շնորհիվ ես գիտեմ, թե որ սպառնալիքներն են վերածվել իրականության ու լիբանանցիներին դժբախտացրել։ Նույնը կարող եմ ասել նաեւ Հայաստանի մասին։ Սա ոչ պարանոյա է, ոչ էլ հոռետեսություն. սա սառը հաշվարկ է։ Եվ թույլ տվեք ասել, որքա՜ն հաճախ եմ ցանկացել, որ կանխատեսումներս սխալ դուրս գան:
Ինչ վերաբերում է մեկ այլ թյուրիմացության, ի տես սփյուռքի որոշ անտարբեր հայերի, երբ անտարբերություն են դրսեւորում Հայաստանի հանդեպ հնարավոր չարաբաստիկ ճակատագրի եւ սպառնալիքների նկատմամբ, մի անտարբերություն, որն իր հավասարակիցն ունի նաեւ հենց Հայաստանի Հանրապետության ներսում ապրող քաղաքացիների շրջանում:
Հաճախ եմ փորձել զգուշացնել լիբանանահայերին, լինել չափազանց զգոն, սխալ հաշվարկներ չանել, չթերգնահատել եւ երբեք չենթադրել, թե նույնիսկ, եթե վատթարագույնը պատահի Հայաստանի ներսում, իրենք կկրեն միայն հուզական վնաս։ Անընդհատ զգուշացնում էի նրանց, որ թուրքական հորիզոնը սեւեռում է ավելի հեռուն, դեպի սփյուռքի համայնքները, եւ որ լիբանանահայ համայնքը պետք է ըմբռնի այն հրատապությամբ, որ Հայաստանն իրենց պաշտպանության արաջնագիծն է։ Եթե այն ընկնի, հարվածը կտարածվի մինչեւ Լիբանան, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ սիրիահայ համայնքի հետ։
Եվ ինձ ձեռք էին առնում, վերաբերվում էին որպես հարուստ երեւակայությամբ օժտված մի հոռետես պարանոյիկի։ Բայց իրադարձությունները եկան փաստելու, որ իմ կանխատեսումները նույնիսկ հոռետեսական չէին, այլ թերեւս, լավատեսական։ Թուրքական ձեռքը շատ ավելի երկար էր, քան կարելի էր պատկերացնել։ Այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, որտեղ տեղի հայկական բիզնեսներից մեկը ծանր հարված կրեց, ապացուցում է, որ ես ոչ թե հոռետես եմ, այլ նույնիսկ լավատես, ով չէր կարողացել տեսնել այս զարգացումը։
Ինձանից ավելի կյանքը վայելել սիրող չեք, ես պարզապես հասկանում եմ, որ ժամանակ տրամադրելով այս բոլորին` նկատի ունեմ իմ զավակների ապագան, եկեք բոլորիս մասին մի քիչ մտածենք, մեր Հայրենիքի մասին, ու ոչ թեկուզ մեր անձնական շահերեն դիտարկված, պարզապես պետք է հասկանալ, թե անձնական ու հավաքական շահերը’ զիրար չեն հակասում, այլ ամբողջացնում են:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: