«Դեռահասների ծնողներ, հավաքվեք՝ տեսնենք՝ լա՞վ եք, հո դուք էլ ինձ նման չեք գժվե՞լ», «Էս ամենին վերջ կա՞», «Երեխան, որը մի քանի տարի առաջ ինձ անգամ մենակ լոգանք ընդունել չէր թողնում, այսօր խոսում է իր անձնական տարածքի մասին»․ մոտավորապես նման բովանդակությամբ հարյուրավոր տեսանյութերի ու սոցցանցային գրառումների կարելի է հանդիպել հեռախոսը կես ժամ թերթելով, իսկ բժշկական և ծնողական խմբերում բազմաթիվ են 13 կամ 14 տարեկան երեխայի համար լավ հոգեբանի վերաբերյալ հարցումները։ Այն, որ դեռահասությունը շատ բարդ շրջան է ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների համար, ամենևին էլ նորություն չէ, բայց յուրաքանչյուր երեխա և ամեն մի ծնող այդ փուլը, կարծես, նորովի է անցնում՝ մեկը բացահայտելով իրեն ու աշխարհը, իսկ մյուսն էլ՝ իր սիրո, իմաստության և համբերության սահմանները։
Դեռահասության շրջանին բնորոշ հոգեհուզական խնդիրների և ծնողների կողմից դրանց հնարավորինս գրագետ արձագանքելու հարցերի շուրջ զրուցել ենք հոգեբան Տաթևիկ Վաթյանի հետ։
– Եկեք խոսենք դեռահասների տարիքային առանձնահատկությունների և այն մասին, թե ինչո՞ւ է կյանքի այդ շրջանն այդքան լի բարդություններով թե՛ երեխայի, թե՛ նրա ծնողների (խնամակալների) համար։
-Դեռահասության շրջանը, երևի թե, մարդու կյանքում ամենաերկար տևող ճգնաժամային փուլն է, որը, սկսվելով 12 տարեկանից, հասնում է մինչև 15-16՝ երբեմն ձգվելով մինչև 20-23 տ․, որն արդեն պատանեկության շրջանն է, և այս ժամանակահատվածները մի մեծ փուլի մեջ է ընդգրկվում։
Այս երկարատևությունն ինքնին մարտահրավեր է մարդու օրգանիզմի համար, քանի որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու կյանքում այդ տարիներին, աննախադեպ են նախկին երեխայի համար։
Այստեղ բնական է նաև ծնողների անհանգստությունը, քանի որ սկսվում է մի փուլ, որը, կարծես թե, ավարտ չունի՝ հաշվի առնելով, որ մինչ երեխայի 12 տարեկանն էլ արդեն ունենք նախադեռահասային փուլը, երբ սկսում են դրսևորվել վարքային, հուզական ինչ-որ արտահայտումներ, որոնք 12, 13, 14 տարեկաններում սրվում են՝ ծնողների համար դառնալով անհասկանալի, անկառավարելի մի շրջան։
Դեռահասության շրջանի ճգնաժամի հիմքերը բազմաթիվ են՝ անատոմիական, կենսաբանական, ֆիզիկական, էմոցիոնալ, վարքային և այլն։
Ի՞նչ է տեղի ունենում դեռահասի հետ․ առաջին հերթին օրգանիզմում կատարվում են հորմոնալ փոփոխություններ, որոնք խիստ արագ են ու ինտենսիվ, և երեխան իր մարմնում անհամաչափ փոփոխություններ է նկատում, ինչն իր համար անսովոր է, անհարմար։ Այս պարագայում շատ հաճախ երեխան փորձում է լայն հագուստ հագնել, ինչ-որ ձև ծածկել իր մարմինը, փորձում է այդպիսով իր համար հարմարավետություն ստեղծել։ Ի՞նչ են անում շատ ծնողներ այս փուլում․ կարող են նախատել երեխային լայն հագուստների համար՝ ասելով՝ նորմալ հագուստ հագիր և այլն, բայց չէ՞ որ դրանով երեխան ուզում է իր համար հարմարավետություն ստեղծել, ինչ-որ կերպ պաշտպանվել անսովոր փոփոխություններից։
Եթե արտաքին փոփոխությունները երեխան ինչ-որ կերպ հասկանում և երբեմն փորձում է թաքցնել կամ հարմարվել դրանց, այդ տարիքում նա չի հասկանում, թե ինչ կարելի է անել իր ներսում կատարվող փոփոխությունների հետ, որոնք ևս պայմանավորված են հորմոնների բուռն ազդեցությամբ։
Այդ հորմոնալ պոռթկումներն ազդում են երեխայի նյարդային համակարգի, հուզական վիճակի վրա՝ առաջացնելով տրամադրության տատանումներ, վարքային փոփոխություններ։ Երեխան գիտակցում է, որ անսովոր զգացողություններ կան, բայց չի հասկանում, թե ինչու։
– Ի՞նչ կարող են անել ծնողները այս փուլի ավելի հանգիստ ընթացքն ապահովելու համար։
-Նախ բացատրել երեխային, որ իր օրգանիզմում բնականորեն տեղի են ունենում հորմոնալ որոշակի փոփոխություններ, որոնք ազդում են իր վարքի, զգացմունքների, նյարդային համակարգի վրա։ Եթե ծնողը կարողանում է հանգիստ ընդունել այս ամենը, հանգիստ բացատրել, խոսել, ծնող-երեխա կապն այս փուլում շատ չի աղճատվում, չնայած որ, այսպես թե այնպես, այդ բաժանումը լինելու է, քանի որ դա բխում է տարիքային առանձնահատկությունից։ Բայց եթե ծնողը լինում է ընդունող, հարգող, հասկացող, հանգիստ, ապահովություն տվող, դեռահասության փուլն առհասարակ ավելի փափուկ է ընթանում։ Համեմատաբար փափուկ, որովհետև այդ փուլը երբեք լիովին հարթ, անվնաս չի անցնում՝ հաշվի առնելով դեռահասությանը բնորոշ առանձնահատկությունները՝ կոնֆլիկտայնություն, կտրուկ գործողություններ, կտրուկ խոսք, կտրուկ վարք, որոնք երբեմն անխուսափելի են դարձնում ծնող-երեխա բախումները։
Եվ այստեղ մեծ է ծնողի դերը, որը պետք է կարողանա կառավարել այս ամենը՝ տարիքին համահունչ՝ գիտակցելով, որ այդպիսին է տարիքային առանձնահատկությունը՝ երեխան ուզում է լինել մեծ, բայց մեծ չէ, սակայն երեխա էլ չէ, և այս վիճակը ծնում է ճգնաժամային մի միջանկյալ իրադրություն, որում ձևավորվում է երեխայի անհատականությունը, երեխան ինքնուրույնություն է ձեռք բերում, լայնախոհություն, հասկանում է, որ իր ծնողը միակ ճիշտ դիրքորոշում ունեցողը չէ, և ընտանիքից դուրս կան մարդիկ՝ հասակակիցներ, ընկերներ, մարզիչներ, ուսուցիչներ, ընկերների ծնողներ, ովքեր հասկանում են իրեն , և որոնց շրջապատում իրեն լավ է զգում,որտեղ իրեն հետաքրքիր է և հաճելի։ Եվ այստեղ տեղի է ունենում դեռահասի՝ ընտանիքից դուրս գալը դեպի սոցիում, ու դա պետք է լինի, ու դա է հենց նորմալ։
Այս դեպքում ծնողը, կարծես, հայտնվում է երկրորդային դերում, և կարող է կտրուկ թվալ այս արտահայտությունը, բայց դադարում է միակ հեղինակությունը լինել։ Այս իրավիճակը ծնողներին, հատկապես մայրերին շատ է անհանգստացնում, սակայն ծնողը պետք է կարողանա ընդունել դեռահասության շրջանը՝ բալանսավորելով հսկողությունն ու բաց թողնելը դեպի սոցիում․ դեռահասը պետք է լինի այն հասակակիցների շրջանում, որտեղ կան ընդհանուր հետաքրքրություններ, խաղեր, անգամ բառահումք, ֆիլմեր ՝ ապահով, ընկերական միջավայրից դուրս չմղվելու համար։ Ամբողջովին հսկողությունից դուրս թողնելն էլ իր վտանգներն ունի։
-Շատ ծնողներ այս ամենին բավականին հանգիստ, հավասարակշռված մոտեցում են ցուցաբերում, բայց երբ հարցը գալիս է դասերին, համակարգչային խաղերին, հեռախոսներից կախվածությանը, հաճախ ամենաամուր նյարդերն էլ տեղի են տալիս։
-Պարզապես պետք է իմանալ, որ դեռահասության շրջանի բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ դասերի հանդեպ անտարբերությունն է՝ հատկապես տղաների մոտ։ Սկսում են տնային առաջադրանքներին լուրջ չվերաբերվել, սովորելու ցանկությունը, գնահատականները երկրորդ պլան են մղվում։
Դեռահասների հետ կապված շատ խնդիրներ են լինում դպրոցում, քանի որ դեռահասներն ու, մասնավորապես տղաները, նույն կերպ էլ իրենց դրսևորում են այնտեղ․ աշխույժ են, հաճախ չեն լսում, պատմություններ են սարքում․ այս տարիքային խմբի հետ աշխատող ուսուցիչները նախ և առաջ պետք է իմանան այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են դեռահասության փուլին։
Շատ անգամ ուսուցիչները ծնողների հետ հանդիպումներ են կազմակերպում՝ քննարկելու տղայի կամ աղջկա վարքը, ծնողը իրեն վատ է զգում, ամաչում է, երբեմն էլ ուսուցիչների մոտ բարկանում իր երեխայի վրա, ինչն անթույլատրելի է։ Ի՞նչ պետք է անի ծնողն այս պարագայում․ լսի ուսուցչին, շնորհակալություն հայտնի տեղեկացնելու համար և տանը երեխայի հետ քննարկի իրավիճակը, բացատրի նրան։ Երեխան պետք է համոզված լինի, որ ցանկացած պարագայում ծնողն իր կողքին է, անգամ եթե սխալ է , որ ծնողի հետ կարող է քննարկել ցանկացած հարց, որ ծնողը կհասկանա։
Ծնողը պետք է հիշի, որ երբեք չի կարելի երեխային ամաչեցնել, նախատել իր ընկերների, ուսուցիչների, շրջապատի ներկայությամբ, քանի որ դրանով ծնող-երեխա փոխհարաբերությունների մեջ ևս մեկ սեպ է խրվում։
Ինչ վերաբերվում է համակարգչային, առցանց խաղերին, մենք պետք է ընդունենք, որ երեխան արդեն ծնվել է այդ միջավայրում, և մենք իրեն չենք կարող զրկել իր իրականությունից։ Այդ ամենը պետք է լինի՝ խաղերն էլ, համակարգիչն էլ։ Հիմա դուք պատկերացրեք՝ մենք աշխատենք առանց համակարգչի՝ չենք կարող, քանի որ դա մեր կյանքում ամենուր է, այդպես էլ դեռահասների դեպքում է։
Հարցն այստեղ այն չէ՝ խաղան, թե՞ չխաղան, հարցն այն է, թե խաղն ինչքան ժամանակ է նրանցից խլում։ Այ սա շատ կարևոր է։ Եթե երեխան գնում է դպրոց, ինչ-ինչ ձևով կատարում է իր տնային առաջադրանքները, հաճախում է իր սիրած սպորտի, զբաղմունքի կամ այլ պարապմունքների, օգնում է ծնողներին, դուրս է գալիս, շփվում է ընկերների հետ և օրվա մեջ էլ ժամանակ է հատկացնում համակարգչին, խաղերին, հեռախոսին, դա նորմալ է ։ Յուրաքանչյուր մարդ՝ անկախ տարիքից իրավունք ունի օրվա մեջ ունենալու այն ժամանակը, որն ինքը կծախսի՝ ինչպես կուզի։
Հետո, մենք պետք է հաշվի առնենք, որ երեխան իր սոցցանցում, նաև խաղերի մեջ իրեն լավ է զգում, որովհետև այնտեղ կարողանում է կառավարել, ստեղծել իր տարածքը, ինչ-որ աստիճաններ հաղթահարել, հաղթել ու զգալ այդ հաղթանակի բերկրանքը․ երեխան այդ ամենի համար օրվա մեջ ժամանակ պետք է ունենա։
Այլ հարց է, երբ խաղը գրավում է երեխայի ողջ առօրյան։ Նաև մի բանի վրա եմ ուզում հրավիրել ծնողների ուշադրությունը․ ծնողները, շատ անգամ տեսնելով, որ երեխաները խաղի մեջ են, անմիջապես երեխայի ձեռքից հեռախոսը վերցնում են, դա ճիշտ մոտեցում չէ։ Ինչո՞ւ է ծնողը վերցնում հեռախոսը կամ պլանշետը․ երբ երեխան դաս չի անում կամ չի լսում ծնողին, հակառակվում է, նա էլ ասում է՝ «լավ, ես քեզ հեռախոսից կզրկեմ»։ Բայց այստեղ հարցը ոչ թե խաղն է կամ հեռախոսը, այլ փոխհարաբերությունները, և այս դեպքում պետք է փնտրել պատճառը, թե ինչու երեխան չի լսում կամ հակառակվում է։ Գուցե ծնողն իր մոտեցումները պետք է վերանայի՞, քանի որ կոպիտ, խիստ, անընդհատ խրատելով մոտենալու դեպքում առանց այն էլ դժվարությունների մեջ գտնվող երեխան ավելի է հեռանում ծնողից՝ նրա ամեն մի քայլը սվիններով ընդունելով։
-Խնդրում եմ մի քանի գործնական խորհուրդներ առանձնացնել դեռահասների ծնողների (խնամակալների) համար, որոնք կնպաստեն ծնող-դեռահաս հարաբերությունների բարելավմանը։
-Առաջինը մթնոլորտի հանգստությունն է, երկրորդը՝ երեխային հարգելը, մի հեղինակ ասել է՝ տանը երեխայի (դեռահասի) հետ պետք է վարվել այնպես, ինչպես կվարվես քո ամենաթանկագին հյուրի հետ, և այդ դեպքում ՇԱՆՍ կա, որ երեխան մի օր քեզ կլսի։
Աշխատեք ընտանիքում ստեղծել այնպիսի իրադրություններ, միջոցառումներ, որոնք տեղավորվում են նաև դեռահասի հետաքրքրությունների շրջանակներում։ Փորձեք շփումներ կազմակերպել նաև դեռահասի ընկերների մասնակցությամբ՝ նրանց առավել լավ ճանաչելու և ձեր երեխայի վարքը ավելի կառավարելի դարձնելու համար։
Շատ կարևոր է կանոններ սահմանելը․ ասենք՝ ժամը 10-ին տանը լինել, եթե չի ստացվում՝ զանգել տեղեկացնել, հետո տանը քննարկել՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ ուշացար, ի՞նչ կարող ես անել, եթե կրկին նման իրավիճակ ստեղծվի։
-Իսկ ո՞ր դեպքերում է պետք դիմել հոգեբանին։
-Երբ ծնողը կամ խնամակալը տեսնում է, որ ինքը չի կարողանում որևէ հարց լուծել իր երեխայի հետ։ Կարևոր չէ, թե դա որ փուլում կլինի․ երբ գալիս է մի պահ, երբ մեծահասակը հասկանում է, որ իր միջոցները, գիտելիքներն ու փորձը բավարար չեն իր երեխայի հետ հարցերը կարգավորելու համար․ այդ դեպքում ինքը կարող է դիմել մասնագետին, որն էլ կօգնի գիտելիքներով, ծնողավարման կանոններով, տարիքային առանձնահատկություններից կխոսի, կքննարկեն իրավիճակները, համապատասխան ելքեր կգտնեն։
Նաև այստեղ ուզում եմ նշել, որ ծնողները պետք է զգուշանան, երբ գալիս է դեռահասության տարիքը, բայց երեխան էլի նույն հնազանդն է, նույն խելոքը, ինչ ասում է ծնողը, նա հնազանդորեն անում է, այ սա կարող է նշանակել, որ երեխան իր անձնագրային տարիքի մեջ է, բայց հասունությունը տեղի չի ունենում։ Ու ինչքան ուշ է մտնում նա իր հոգեբանական տարիքի մեջ, այնքան բարդությունները շատ են լինելու հետագայում, և շատ հնարավոր է, որ խնդիրներ առաջանան հասուն կյանքում։
Ծնողները պետք է ուշադիր լինեն նաև դեռահասության տարիքում հանդիպող դեպրեսիվ վարքին, երբ չկա շփում ընկերների հետ, կա զբաղմունքներից հրաժարում, օտարման իրավիճակ․ դա ազդակ է ծնողներին, որ գուցե պետք է դիմել հոգեբանին, երբեմն անգամ նաև հոգեբույժին դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: