Ալիևի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տրված գնահատականները հետևանք են Փաշինյանի ու նրա վարչախմբի խոսույթի. Վիգեն Հակոբյան

«Այս ամպագոռգոռ հայտարարությունները, որ գիտեք, ժողովուրդ, տեղը չեք բերում, բայց վաղուց խաղաղության մեջ ենք, բենզին է գալիս, հացահատիկ՝ տարբեր սորտեր … և այն դիրքորոշումը և որոշումները, որ անձամբ Ալիևն արտահայտում է մեր ռազմագերիների հետ կապված, ակհնայտորեն որեէ աղերս չունեն խաղաղություն բառի տրամաբանության հետ: Նաև ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում դատական համակարգ գոյություն չունի, դատարաններն առհասարակ քաղաքական մահակներ են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող 20 տարով ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ ռազմագերիներին, Վիգեն Հակոբյանը հետևյալն ընդգծեց. «Ալիևի տված գնահատականները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, որ նացիստներից ավելի վատ հանցագործություններ են արել, փաստում են, որ մենք իրականում գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ հրադադարի հետ, որն ունի ներքին քաղաքական հայաստանյան նշանակություն:

Ալիևն, ուղղակի հայաստանյան առաջիկա միջոցառումից՝ ընտրություններից ելնելով, նվեր է տվել Նիկոլ Փաշինյանին հրադադարի տեսքով և թույլ է տվել, որ նա դա անվանի խաղաղություն։ Իսկ այն գնահատականները, որ տրվել է Ալիևի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ուղղակիորեն հետևանք են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի այն գնահատականների, որ Արցախը երբեք հայկական չի եղել, դա Ադրբեջանի տարածք է եղել, և ոչ միայն Արցախը, այլև Կիրանցը և մնացյալը։ Եվ երբ Հայաստանի ղեկավարն ասում է, որ Արցախը հայկական չի եղել, փաստացի ակնարկում է կամ ուղղակի խոսքով ասում է, որ հայկական ուժերն այնտեղ ապօրինի գործողություններով էին զբաղված՝ այդ թվում ռազմական, Ադրբեջանի սահմանադրությանը հակառակ սեփական պետություն էին ստեղծել, Ադրբեջանն էլ այդ պասը վերցնելով հայտարում է, որ նրանք ոչ լեգիտիմ գործունեությամբ էին զբաղված իր տարածքում, դրա համար անվանում է նացիստական գործողություններ։ Այսինքն այս ամենը հետևանք է հայկական խոսույթի»:

Վիգեն Հակոբյանի ձևակերպմամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, հայ պատանդների դատավարությունները Փաշինյանի և նրա վարչախմբի խոսույթի քաղաքական և իրավական արդյունքներն են. «Եթե դու հայտարարում ես, որ Արցախը երբեք հայկական չի եղել, մեր քարտեզը սա է, Արցախյան շարժումն էլ հիմա օրենքից դուրս է համարվում, բնականաբար Ալիևը այդ հայտարարությունների վրա հիմնվելով ասում է՝ ձեր ղեկավարությունն է հայտարում, որ այն, ինչ անում էինք Արցախում 35 տարուց ավելի, անօրինական էր, այն ինչ դուք անում էիք, նացիստներն էին անում՝ տարածք էիք վերցնում, ռազմական գործողություններ իրականացնում, մարդիկ էին զոհվում, հետևաբար դուք նացիստ եք:

Շատ տրամաբանական շղթայով նա դուրս է գալիս դրա վրա, իսկ այդ հայտարարությունների հետևանքը կարող են լինել հայցերը՝ ռեպարացիայի (պետության կողմից իր ձեռնարկած ագրեսիայի ենթարկված պետություններին պատճառած նյութական վնասի հատուցման), ռազմատուգանքի համար:

Եթե համարվի, որ մի երկիրը մյուսի դեմ գործողություններ է իրականացրել և վնասներ է պատճառել, մի օր էլ այդ վնասը կգնահետեն X գումարով ու դրա դիմաց կարող են ամեն ինչ պահանջել, գիտեք, իսկ միջազգային դատարաններն էլ , գիտեք, որ գործում են ՝ ելնելով աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից:

Ալիևի նպատակը հենց դա է, ինքն , ըստ էության արձանագրում է, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել նացիստական Հայաստանի նկատմամբ: Հետևաբար, ի՞նչ խաղաղություն, սա ապագա պատերազմի վերաբերյալ հիմնավորում է: Այդ պատերազմը, ինչպես Ալիևն է ասում՝ կարող է լինել ավտոմեքենաներով գալով, կարող է լինել ավանդական ձևով՝ տանկերով ու անօդաչուներով: Ինչպես արդեն նշեցի, իրենք հիմք են նախապատրաստում ապագայի համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment